Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին մորթել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Իսակովի փողոցի տներից մեկն է այցելել նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Գոռ Ա.-ն, ով ցանկացել է իր նախկին կնոջը տուն տանել: Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի և նրա ձեռքին եղել է ատրճանակ և ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի: