Երեկվանից մայրաքաղաք Երևանը, մեղմ ասած, կոլապսի է ենթարկվել և պատճառը ոչ թե արտակարգ իրավիճակն է, այլմոլորակայինների ներխուժումը, այլ ընդամենը հունվար ամսին տեղացած ձյունը, որին քաղաքային իշխանություններն, ինչպես երևում է, պատրաստ չէին: Իսկ երևում է դա վերջիններիս կցկտուր բացատրություններից և արդարացումներից, որոնք երեկ ողջ օրվա ընթացքում ստիպված են եղել լսել երևանցիները:

Թեև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ աշնանն ավետում էր, որ մայթերի՝ 50 հատ ձնամաքրման սարքավորումներ են ձեռք բերել, այդուհանդերձ, ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն արվում: Ավտոբուսային պարկը, որի համալրումը նույն Ավինյանը դարձրել էր իր նախընտրական արշավի գլխավոր PR կետերից մեկը, նույնպես իրեն լավագույն կողմից չէ, որ դրսևորեց: Սա Երևանն է՝ երեկ, ավտոբուսի անիվները պոկվել են հենց վարման ընթացքում և միայն հրաշքով է, որ հնարավոր է եղել խուսափել զոհերից և վիրավորներից:

Ո՞ւր են այդքան գովերգված 50 հատ ձնամաքրման սարքերը, եթե քաղաքապետարանի համապատասխան վարչության հատուկենտ աշխատակիցները մայթերը մաքրում են  մինչ ջրհեղեղյան ժամանակաշրջանին բնորոշ ահա այս սարքերով․

Այնուհետև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները ողջ օրը փորձում էին համոզել երևանցիներին, որ տրոլեյբուսները երթևեկում են ոչ թե ամառային, այլ .... տարեշրջանի բոլոր եղանակների համար նախատեսված անվադողերով: Թե ինչու են բոլոր եղանակների համար նախատեսված անվադողերը Երևանում վթարային իրավիճակներ ստեղծում և սահում մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքապետարանի ֆունկցիոներներին առանձնապես չի հետաքրքրում: Կարևորը՝ սեփական կաշին փրկելն է:

«Ասեք, կանենք» կարգախոսով ընտրություններին մասնակցած ՔՊ-ն ու Տիգրան Ավինյանն այսօր չեն ցանկանում անել այն, ինչն առանց ասելու էլ պետք է արվեր: Գուցե, եթե 80 միլիոն դրամ չծախսվեր նոր քաղաքապետի ուրարտական երդմնակալության վրա՝ հնարավո՞ր լիներ ձեռք բերել իրապես գերժամանակակից ձնամաքրման սարքեր, որոնք էկանարեն կթեթևացնեին մայրաքաղաքի բնակիչների կյանքը: Մեկ այլ հարց՝ ո՞ւր մնաց արդիականացված տրանսպորտային ցանցը, որն առատ ձյան պատճառով փաստացի չի աշխատում՝ մեծ անհարմարություններ պատճառելով երևանցիներին: Մի բան էլ քաղաքապետարանը  հայտարարում է, որ հասարակական տրանսպորտը, որն առանց այդ էլ վատ էր աշխատում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կարող  է խափանումներով աշխատել: Ո՞վ է պատասխանատու տալու նման բարձիթողի վիճակի համար: Ստացվում է, որ քաղաքապետարանն օպերատիվ միայն երևանցիների գրպանն է մտնում՝ նորանոր հարկատեսակներ սահմանելով և դրանց հաշվին բյուջեն լցնելով, իսկ երբ գալիս է իսկապես օպերատիվ աշխատելու ժամանակը՝ երևանցիները մնում են մեն-մենակ իրենց խնդիրների հետ:

Հ.Գ. 2016-ին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ եթե մայրաքաղաքի իշխանությունները մատը մատին խփեն, ապա Երևանի փողոցները կարող են մաքրվել 1.5 ժամում: Հարց է առաջանում՝ իսկ այսօր՝ 2024-ին, «զադերժկան» ինչու՞մ է...