Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է «Международная жизнь» («Միջազգային կյանք») ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հոդվածում:

Տասմագամբետովի հոդվածից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ն չէ, որ մերժել է Հայաստանին օգնություն տրամադրելը, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանությունները, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է չեղարկել այդ հավանական օգնությունը՝ խնդրելով օրակարգից հանել համապատասխան, նկատենք՝ արդեն պատրաստի փաստաթուղթը: Այդ քայլը Փաշինյանը պատճառաբանել էր նրանով, որ խաղաղապահ առաքելությունը կարող է խաթարել խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Անվտանգային ռեալ երաշխիքների փոխարեն Փաշինյանը նախընտրեց հայ-ադրբեջանական սահման հրավիրել որևէ լծակ և իրավազորություն չունեցող եվրոպական դիտորդներին, որոնք աչքի առաջ հակառակորդն արդեն երեք անգամ խախտել է հրադադարը, ինչի արդյունքում մենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ ենք տվել: Փաշինյանի այս քայլը, որը փաստացի գաղտնազերծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, տեղավորվում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի աշխարհաքաղաքական պլանների մեջ և ավելորդ է անգամ շեշտել, որ չի բխում հայ ժողովրդի շահերից: