Լուրեր․com-ի տեղեկություններով, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում լարված մթնոլորտ է եղել։
Ըստ տեղեկությունների, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Լուսինե Բադալյանը և Արփի Դավոյանը դժգոհություններ են արտահայտել մի շարք պաշտոնյաներից։
Գրիգոր Մինասյանի հրաժարականին նախորդել են ՔՊ-ի ներքին փակ քննարկումներ, որտեղ թիրախավորված միակ պաշտոնյան չի եղել Գրիգոր Մինասյանը, եղել են նաև այլ պաշտոնյաներ, որոնց գործունեությունները կուսակիցները պահում են խոշորացույցի տակ։
Գուցե վերադասից ուղղորդված, գուցե սեփական նախաձեռնությամբ ՔՊ-ականները իրենց դժգոհություններն են արտահայտել Նիկոլ Փաշինյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործունեությունից։
Նիստում քննարկել են նաև Գրիգոր Մինասյանի տեղակալ Սիրվարդ Գևորգյանի՝ ընդդիմության հետ ունեցած կապերը։
Զեկուցողները ցանկացել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը աշխատանքից հեռացնի Գրիգոր Մինասյանին, Արգիշտի Քյարամյանին և Տիգրան Ավինյանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց Սիրվարդ Գևորգյանը, իսկ այսօր՝ Գրիգոր Մինասյանը։
Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նաև որոշում կկայացվի Արգիշտի Քյարամյանի հետ կապված։
Փորձեցինք կապ հաստատել Լուսինե Բադալյանի, Արփի Դավոյանի և Հովիկ Աղազարյանի հետ, սակայն ոչ մեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Սևակ Հովհաննիսյան