Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս էր եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել էր մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Ինչպես հայտնել է Գ. Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել էր:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ էին կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել էին ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում:

Վթարի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խմբեր՝ փրկարար ծառայության օպերատիվ ծառայության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը, ում հանձնարարականով ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հայտնել էին, որ մահացածի հայրը ուժային կառույցի ներկայացուցիչ է, պարզվել է, որ նա հանրապետության ճանաչված ու հարգված օդաչու է եղել, ով էլ այս պահին աշխատում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի հետ:

Իսկ վթարից հետո վարորդը դուրս էր շպրտվել մեքենայից:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի