Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ կապ հաստատեց Մեղրի քաղաքի բնակչուհի, 2-րդ կարգի հաշմանդամ Լաուրա Պողոսյանը: Նրա նախկին ամուսինը վաճառել է իրենց պատկանող բնակարանը Մեղրիի կադաստրի ղեկավար Ստյոպա Կանդազյանի աներորդուն' Վասիլ Կարապետյանին:

Ամուսինը, համաձայնության գալով կադաստրի ղեկավարի հետ, կեղծ վկայական է պատրաստել անձնագրային բաժնի պետ Գրենիկ Ահարոնյան մասնակցությամբ' հաշվառումից հանելով ընտանիքի անդամներին: Նա տան վկայականը վերափոխել է 82-ամյա մոր անունով, ով այդ ընթացքում ապրելիս է եղել տիկին Պողոսյանի խնամքի տակ, այնուհետ' կազմակերպել տան վաճառքը:

Կառլեն Պողոսյանին ողջ գործընթացի ժամանակ ակտիվորեն աջակցել են նրա քույրերը:

Որոշ ժամանակ անց, կադաստրի, նոտարի ու անձնագրային բաժնի կողմի եռակողմ անձնակազմի միջոցով գործարքն իրականացվել է:

Տիկին Պողոսյանը նաև նշեց, որ տան նոր սեփականատեր Վասիլ Կարապետյանը հանդիսանում է նոտար Վիլիկ Պողոսյանի փեսան: Նշենք, որ վերջինս հենց այն նոտարն է, ով կեղծ ժառանգություն է կազմել պարոն Պողոսյանի մահացած հոր անունով:

Այնուհետև տիկին Պողոսյանը դիմել է դատարան, սակայն, որպես հանցավոր համաձայնության շարունակություն, Սյունիքի վարչական դատարանի դատավոր Հասմիկ Հովհաննիսյանը չի բավարարել հայցը ու չի ընդունել տիկին Պողոսյանի տված վկայությունները:

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ իսկական սեփականության վկայականը չկա, ու կադաստրի ստորաբաժանման ղեկավարը կեղծ գրքույկ է կազմել:

Տիկին Պողոսյանը դիմել է վերաքննիչ դատարան, որտեղ նույնպես շարունակվել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ներկա պահին տիկին Պողոսյանը որոշել է բարձրաձայնել այս պատմության մասին, քանի որ մտավախություն ունի, որ եթե այս անգամ էլ վճռաբեկ դատարանը չբավարարի նրա հայցը ու նրան չվերադարձնի իր բնակարանը, ապա նա, իր երկու դստրերն ու երկու տարեկան թոռնիկը կհայտնվեն փողոցում: