Էրեբունու 13/14 ընտրատամասի առջև այսօր հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Մի ծերունի պարզապես անակնկալի եկավ, երբ իմացավ, որ այսօր Երևանի ավագանու ընտրություններ են տեղի ունենում: Գրում է a1plus-ը:
«Բա ես երեկ եմ քվեարկել ու թերթիկը արկղի մեջ գցել: Երեկ չէ՞ր ընտրությունները»,- հարցրեց ծերունին: Դրան ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչը ընտրատեղամասի բակում ծերունուն ասաց՝ «Ռա՛դ էղի»: Թեև ՀՀԿ վստահված անձը հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ապրում է այդ թաղամասում և շատ լավ գիտի, որ ծերունին հոգեկան շեղումներ ունի: «Էս ծերունին գիժ է: Մի քանի ամիս առաջ 02-ն էլ հաղորդել էր, որ տանից փախել է»,- ասաց վստահված անձը։
Ի դեպ, իրավիճակը փորձում էր շտկել նաև մի քաղաքացի, որ չցանկացավ ներկայանալ, բայց ասաց, որ ԲՀԿ վստահված անձն է: Հարցին, թե որտեղ է նրա փաստաթուղթը, քաղաքացին պատասխանեց. «Ամաչում եմ բեյջս կախեմ: Ինձ փոխարինել են, բեյջս մեքենայի մեջ եմ թողել»: Այս նույն քաղաքացին հետագայում օպերատորին ասել է, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչն է: