Ապրիլի 23-ին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ Գյումրիում տեղի ունեցած աղմկոտ սպանությունից հետո ոստիկանությունը խիստ հսկողության ռեժիմ է սահմանել այստեղ:
Բացի այդ, հաճախ բարձրաստիճան ոստիկաններն' ի դեմս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, այցելում են Գյումրի:

HayNews.am-ի հարցին' ոստիկանության խիստ հսկողությունից հետո արդյոք թուլացե՞լ է լարվածությունը, որի մասին այդքան բարձրաձայնում էին գյումրեցիները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Ոստիկանությունն իր աշխատանքը կատարում է, ես չեմ միջամտում իրենց աշխատանքին, իրենք իրենց գործն են անում, ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ իրականացվում է»։

Ապա նա շարունակեց. «Ի՞նչ էր եղել, որ փոփոխություն լիներ, ինչ որ մի արտառոց բան չէր կատարվել քաղաքում, ի՞նչ էր որ, հանցագործություն էր կատարվել, որից հետո մարդիկ եկել են իրենց աշխատանքն են կատարում: Այն ժամանակ էլ մի բան փոխված չէր, հիմա էլ»:

Դիտարկմանը, թե կարծիք կար, որ մշակութային քաղաքը վերածվել էր կրիմինալի, մարզպետն արձագանքեց. «Ես նախկինում էլ ասել եմ, կրիմինալ բոլոր տեղերում մարդկության հետ կրիմինալն եկել է, մարդկության հետ էլ կրիմինալը մնալու է, էդ որ ասում են կրիմինալ քաղաք էր, սուտ է դա, այն ժամանակ էլ առանձնակի աժիոտաժ չի եղել, հիմա էլ չկա դա… Իսկ, ընդհանրապես, ոստիկանությունը իր աշխատանքն է կատարում, այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, զենք է առգրավվում եւ այլն…: Կարող է մարդկանց մեջ լարվածություն լինի, բայց քաղաքում չկա»:

HayNews.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե այս ընթացքում իրեն ի՞նչ է հաջողվել փոխել մարզում, մասնավորապես Գյումրիում. «Փոխվելուն երեւի ականատես կլինեք քսան օր կամ մեկ ամիս հետո, արտաքնապես շատ բան է փոխվելու»:

HayNews.am