ԳԱԼԱ. Kavkasia.net լրատվամիջոցը գրում է. «ՀՀ կառավարությունը փաստացիորեն համաձայն է գազի գների բարձրացմանը, սակայն խոստացել է 30 տոկոսով սուբսիդավորել բարձրացրած գները: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչդեռ գազի գնի բարձրացումը նախ և առաջ համարվում է քաղաքական հարց, և որպեսզի կարողանան սուբսիդավորել գնային տարբերությունը, կառավարությունը պետք է գնա կամ նոր արտաքին պարտքերի, կամ բարձրացնի հարկերը: Բացի դրանից, գազը և նավթը Ռուսաստանի համար ավելի շուտ համարվում են արտաքին քաղաքականության գլխավոր գործոն, իսկ տնտեսական օգտակարությունը այս հարցում մղվում է երկրորդ պլան:
Այն, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում շարունակել բանակցել Ռուսաստանի հետ, նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ զիջումների չի գնում քաղաքական հարցերում:
Համենայն դեպս գազի թանկացումը Հայաստանում հանգեցրեց անտիռուսական տրամադրվածության նոր ալիքի: Վերջին ժամանակներս հայ ազգը սկսել էր ավելի քիչ հավատալ Ռուս-փրկչի առասպելին, իսկ Մոսկվայի վարած քաղաքականությունը ավելի ու ավելի է փշրում Ռուսաստանի նկատմամբ վերջին վստահությունը:
Հայաստանի բռնի ներգրավումը Մաքսային և Եվրասիական միություն, ռուսական քաղաքական գործիչների անհարգալից արտահայտությունները Հայաստանի նկատմամբ, մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Մոսկվան նպատակ ունի լուծել Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի փշրեցին հայ-ռուսական «ժողովուրդների բարեկամությունը»:
Մոսկվան իր հերթին օտարում է իրենից Հայաստանին, որի բնակչությունը տրադիցիոն կերպով բարեկամական վերաբերմունք է ունեցել ռուս ազգի նկատմամբ: Հայաստանին և Ռուսաստանին կապում են միլիոնավոր մարդկային, գործնական, տնտեսական թելեր, և այս թելերը մեկը մյուսի հետևից կտրվում են Մոսկվայի կողմից:
Դժվար թե Մոսկվան գազի թանկացումից կստանա որևէ տնտեսական օգուտ, ավելի հավանական է, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ օգտագործել թանկ գազը: Սակայն այն կբերի անդառնալի քաղաքական կորուստներ»:
Թարգմ.՝ Հասմիկ Մանուկյան