«ՀԱՊԿ ԱԳՆ գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որում արտահայտված են մի շարք խնդիրների, այդ թվում' Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ մոտեցումները»,-երկուշաբթի օրը Բիշքեքում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. մեջբերում է Риа Новости-ն: «Արտգործնախարարները հայտարարություն են ստորագրել առանցքային միջազգային հարցերի շուրջ, որոնցում արտահայտված են մոտեցումներ սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի, Աֆղանստանում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է Լավրովը: Նրա խոսքերով' արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ժամանակ դիտարկվել են կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների պահպանման և ամրապնդման, խաղաղապահ գործողությունների ընդլայնման խնդիրները:

«Մենք արդեն պարբերաբար զորավարժություններ ենք անցկացնում: Անցյալ տարի դրանք անցան Հայաստանում, իսկ այս տարի պլանավորված է կազմակերպել Բելառուսում: Խաղաղապահ զորավարժություններ կանցկացվեն նաև Չեբարկուլում: Ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ուղղված են խաղաղապահ գործողությունների գործնական մեխանիզմների և իրավական բազայի հետագա կատարելագործմանը»,-ասել է Լավրովը: