«Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես եղել և մնում են ժողովրդի կողքին, ամենատարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների կողքին: Եվ բնական է, որ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են այսօր մարդկանց, այսօր գտնվում են կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու սպասվող թանկացումների դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստների կողքին չենք տեսնում կուսակցությանն ու Գագիկ Ծառուկյանին, ով չնայած հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն, սակայն ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ կուսակցությունը այլընտրանքային ուժ է:
Հարցին, թե ներկա դրությամբ կուսակցությունն ունի՞ կոնկրետ նախաձեռնություն' ընդդեմ թանկացումների, ասաց. «Այս պահին որևէ կոնկրետ նախաձեռնություն չեմ կարող առանձնացնել»: Նա մատնանշեց այն խնդիրները, որոնք եղել և մնում են պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում:
Մամլո խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե որտեղ է պարոն Ծառուկյանը, ինչով է զբաղված. «Պարոն Ծառուկյանը Հայաստանում է, զբաղվում է իր ամենօրյա աշխատանքներով' որպես Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ նախագահ»:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ ԱՄՆ-ում է: Թե ինչու է մեկնել, ունենալո՞ւ է հանդիպումներ, պատասխանեց. «Այդ ամեն ինչի մասին կիմանաք, երբ ինքը վերադառնա: Կշփվի մամուլի հետ, կասի»: Նա հայտնեց նաև, որ պարոն Հովհաննիսյանն այնտեղ ունենալու է գործնական հանդիպումներ, Վաշինգտոնի հետազոտական կենտրոններից մեկում դասախոսություն է կարդալու:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու «Ժառանգությունը» չի կոորդինացնում քաղաքացիների պայքարն' ընդդեմ սպասվող թանկացումների. «Մենք այս դեպքում հատուկ որոշում չունենք' մասնակցել-չմասնակցելու, բայց «Ժառանգության» շատ անդամներ մասնակցում են, իսկ մենք' որպես կուսակցություն, հետաքրքրված ենք այս խնդրով, մեր պատգամավորական խմբակցությունը այդ հարցը Ազգային ժողովում անընդհատ բարձրացնում է, մենք' որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, բարձրացնում ենք անընդհատ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Կա՞ արդյոք շոշափելի արդյունք, հարցին պատասխանեց. «Արդյունքը, կարծում եմ, տեսանելի պետք է լինի բոլորի համար' անկախ մեզանից, և արդյունքն այն կլիներ, որ մեր քաղաքացիներն ավելի մատչելի գազ ստանային և պետությունն էլ շատ քիչ փող ծախսեր: Այսինքն' այն սուբսիդավորման եղանակը որ կա, այդ եղանակը չգործեր, այլ' բացառապես խոցելի խմբերի համար այն գործեր»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ը սպասվող թանկացումների դեմ պայքարող քաղաքացիների կողքին չէ. «Առաջին ակցիային, որ ԱԺ-ի դիմաց անցկացվեց, ես տեսել եմ ՀԱԿ-ի ակտիվիստներին: Երբ ես դուրս եկա ժողովրդի հետ խոսելու, հիմնականում ՀԱԿ-ի ժողովուրդն էր,- ասաց նա և հարցադրեց,-ինձնից ակտիվ այդ գների դեմ պայքարող ուրիշ մարդ էլ ե՞ք տեսել' ելույթ ունեցող կամ արգումենտներ բերող»: Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ այսօր ինքը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, նաև մասնակցել է ներսում սպասվելիք հանրային լսումներին:
Նրանից ևս հետաքրքրվեցինք, թե ուր է այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչով է զբաղված: «Իրենց տանն է, մի քանի օր առաջ ես տեսել եմ: Ուզում եք, որ գա ձեզ ներկայանա, որ տեսնե՞ք: Նա ՀԱԿ կուսակցության նախագահն է, և մի քանի օր առաջ ինքն է վարել ՀԱԿ կուսակցության վարչության նիստը: Նա զբաղված է այն գործով, ինչով զբաղվել է մինչև հիմա: Մենք բոլորս ենք այդ գործով զբաղված»,- եզրափակեց պատգամավորը:
Արմինե Վարդանյան