ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը օֆշորային պատմությունը համարում է տարօրինակ եւ միեւնույն ժամանակ որակում այն խայտառակություն: Նման տեսակետ է հայտնել պատգամավորը ԳԱԼԱ-ի եւ Ազատություն ռադիոկայանի լրագրողների հետ զրույցում: Գուրգեն Արսենյանը իր տեսակետը մեկնաբանել է այսպես. «Գիտեք ինչ, առաջին հերթին՝ տարօրինակ պատմություն, երկրորդ հերթին, եթե այդ պատմության մեջ իրական հիմք կա եւ իրականությանը համապատասխանում է' խայտառակ պատմություն, ոչ միայն նրա համար, որ ընկերության սեփականատեր ես, այլ նրա համար, որ որեւէ ձեվով կարող էիր մասնակցություն ունենալ նման ծրագրի: Ինչ վերաբերում է որեւէ ընկերության բաժնետեր լինելուն եւ այդ ընկերության հաշվին գումարներ ստանալուն կամ ֆինանսական հոսքերի կազմակերպմանը, ապա տեղեկացնեմ ձեզ, որ ընկերությունների ֆինանսական հոսքերով զբաղվում է գործադիր տնօրենը»:
Հասարակությունը հակված չէ հավատալ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին՝ պնդելով, որ քիչ հավանական է, որ նրանք այդ մասին բացարձակապես տեղյակ չեն եղել: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, մեր այս հարցին Գուրգեն Արսենյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, որ Ձեր հարցը պետք է ուղղեք վարչապետին, որովհետեւ Գուրգեն Արսենյանի կարծիքը վարչապետի միամտության աստիճանի վերաբերյալ ընդամենը Գուրգեն Արսենյանի կարծիքն է եւ որևէ ձև չի լուսաբանի հասարակության կարծիքը»:
Ինչու միայն հիմա ոստիկանությունը գործ հարուցեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրն առկա էր դեռևս տարիներ առաջ: Գուրգեն Արսենյանը գտնում է, որ այստեղ ևս տարօրինակություններ կան: «Ես, մամուլի հրապարակումները կարդալով եւ լսելով նաեւ Փայլակ Հայրապետյանի ներկայացված իրականությունը, ուզում եմ, այսպես ասենք, մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել իրադարձության վրա, որը որ եղել է սկիզբը այդ ամենի, երբ որ հավաքել են գործարարներին պետական պաշտոնյաների մոտ, եւ այդ հանդիպման իմաստը եղել է Ռուսաստանի կողմից ստացված գումարների վարկային ծրագրերի շրջանակներում վարկ ստանալ, եւ այդ ապրանքային վարկը գործարարներին առաջարկել»,- ասել է ԲՀԿ –ական պատգամավորը:
«Դուք մի ստիպեք ինձ տալ մեկնաբանություն մարդկանց կողմից կատարված գործողությունների, որովհետեւ ես չեմ ուզում հասարակությանը տրամադրել Աշոտ Սուքիասյանի դեմ կամ կողմ, կամ վարչապետին դեմ կամ կողմ: Կարծում եմ, որ բոլոր գործողությունները պետք է արվեն, որպեսզի մեր պետության հեղինակությունը չտուժի», -ասել է Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով այն հարցին, թե չեք կարծում, որ փորձում են Աշոտ Սուքիասյանին դարձնել քավության նոխազ:
«Ես հավատում եմ ամենակարողին եւ ամենաբարձրյալին, ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանին, ապա նա Աշոտ Սուքիասյանն է»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով այն հարցին, թե հավատում եք, որ Աշոտ Սուքիասյանը կարող էր գնալ նման քայլի՝ առանց տեղյակ պահելու Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին:
Փայլակ Ֆահրադյան