Shamshyan.com. «Ի՞նչ է մտածում կառավարությունը. էս խեղճ ժողովուրդն ի՞նչ անի»: Հայաստանում ցանկացած խնդրի քննարկման ավարտին լսվում է այս խոսքը: Եվ դա այնքան սովորական է դարձել, որքան Կատոնի ճառերի ավարտին հնչող' «Կարթագենը պիտի կործանվի» արտահայտությունը: Մեր երկրում այնքան աղբ կա, որ շատ դժվար է կողմնորոշվելը. արդյոք Նուբարաշենի աղբանո՞ցն է Հայաստանի տարածքի մի մասը, թե՞ Հայաստանն է այդ աղբանոցում կառուցված: Իհարկե, կա որոշակի զարգացում: Սակայն սա բնավ չի նշանակում, որ մեր գիտակցությունն է փոխվել, և մենք այլևս սիգարետի մնացորդը մեքենայի պատուհանից չենք նետում, տունը չենք ավլում և աղբը փողոց թափում կամ, բնության գրկում ունեցած, խնջույքի բազմազան աղբը չենք լցնում գետը: Բազմաթիվ հոլովակներ և հասարակական շարժումներ ճգնում են մարդկանց բացատրել, թե բնությունը, առավել ևս' հայկական բնությունը, մեր տունն է, սակայն ապարդյուն: Այսինքն' մեծամասնությունը աղբը նետում է աղբամանը, եթե միայն կողմնակի աչք կա, իսկ եթե միայնակ է կամ մտերիմներով, ապա շարունակվում է խոզաբարո գործելակերպը: Շատերին թվում է, թե մարդ լինելու համար հարկավոր է անպայման կյանքը զոհաբերել հայրենիքի կամ ընկերոջ համար, իսկ քանի դեռ առիթը չի եկել, ապա այդ մասին դատարկաբանելը բավարար է: Սակայն իրականությունը այլ է. մարդը մարդ պիտի լինի, նույնիսկ երբ միայնակ է, օտար' հնարավոր վերահսկող աչքից հեռու: Ազատ մարդը ինքն է իրեն վերահսկում և, դրանով իսկ, դադարում է ստրուկ լինելուց: «Վարվի՛ր այնպես, որ համաձայն լինես, եթե քո վարվելակերպը դառնա ընդհանուր բոլորի համար»,- ահա մեծագույն բարոյագետներից Իմանուիլ Կանտի կատեգորիկ հրամայականը: Պարզ ասած' մարդը նույնիսկ հայելու առաջ քիթը չի փորի, եթե դա չի անի մեկ այլ մարդու ներկայությամբ: Սակայն հիմա շատերի մեջ մեռել է Ես-ը: Եթե մի ժամանակ ամոթ էր մարմնից խոսելը, ապա այժմ ամոթ ու հիմարություն է հոգուց խոսելը: Չկա ինքնավերահսկող Ես-ը, այն վատնվել է: Ուրեմն չկա նաև պատասխանատվությունն ինքն իր առաջ. մի հատկություն, որը մարդուն Մարդ է դարձնում: Ահա այս նույն կերպ է, որ շատերը, առանց գեթ մի րոպե տատանվելու, խաբում են, գողանում, հայհոյում ու սպանում. պատժող աչքից հեռու ամեն ինչ արդարացված է: Չի բռնվել՝ գող չէ: Ակնհայտ է, որ այս մարդիկ կորցրել են Ես-ինքնագիտակցությունը և դժվար թե կյանքում իրենց նեղություն տան ու այդ մասին մտածեն: Բայց հարկ է հիշել, որ նման մարդիկ հեշտությամբ փոխվում, ընկնում են այլոց ազդեցության տակ, եթե այդ «այլք»-ը հետևողականորեն պահում է իր սկզբունքը: Ուրեմն այս ու նմանատիպ շատ խնդիրներն աստիճանաբար, բայց կլուծվեն, եթե ստեղծագործ, մտածող մարդը գոնե դադարի ասել. «Ի՞նչ է մտածում կառավարությունը», այլ' «Ի՞նչ եմ մտածում ես. էս խեղճ ժողովուրդը իմ ո՞ր արածից օրինակ վերցնի»:

 

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ