Անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունեցած Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ նախօրեին կայացրած դատավճռի դեմ երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Ֆարնեզե հրապարակում: Ակցիայի մասնակիցները եղել են 300-400 մարմնավաճառներ, որոնք հանդես են եկել «Մենք պոռնիկներ չենք» կարգախոսի ներքո, հաղորդել է իտալական «Gazzetta del Sud» թերթը:

Ցույցի կազմակերպչի դերում հանդես է եկել աջ-կենտրոնամետ «Il Foglio» պարբերականը և մասնավորապես այդ թերթի գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆերրարան, ով Բեռլուսկոնիի մերձավոր ընկերներից է:

«Il Foglio»-ն Բեռլուսկոնիի նկատմամբ կայացրած դատավճիռն անվանել է «Բարբարոսական պատիժ»: Իսկ Ջուլիանո Ֆերրարան այդ փաստը գնահատել է, որպես իտալական արդարադատության խայտառակություն, որը երկիրը հասցնում է Աֆղանստանի կամ Իրանի մակարդակին:

Մինչ այդ, Բեռլուսկոնիի դատավճռի հետ կապված, առավել մեծ անհանգստություն է առաջացել Իտալիայի քաղաքական շրջանակներում: Երկրի նախարարների կաբինետը, որ ձևավորվել է երկու քաղաքական ուժերի՝ Էնրիկո Լետտոյի ղեկավարած Ժողովրդավարական և Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» կուսակցությունների կոալիցիայի արդյունքում, հայտնվել է կասկածահարույց և անհարմար իրավիճակում: Լետտոյի կուսակիցների մեջ աճում է խայտառակված նախկին վարչապետի կուսակցության հետ համագործակցության նկատմամբ դժգոհությունը: Մյուս կողմից, «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամները հույս ունեն, որ ժողովրդավարները կսատարեն իրենց առաջնորդին այդ նեղն ընկած ժամանակ:

Այս իրավիճակը հղի է Իտալիայում նոր քաղաքական ճգնաժամ առաջացնելու և կոալիցիոն կառավարության լուծարման վտանգով, նշում է «lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Միլանի դատարանը հունիսի 24-ին Սիլվիո Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունենալու մեջ և նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման և ցմահ արգելել է զբաղեցնել պետական պաշտոններ:

Դատավճիռն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ չեն քննարկվել դրա հետ կապված բոլոր բողոքները: Ինքը՝ Բեռլուսկոնին և մարոկկացի մարմնավաճառ Ռուբի էլ-Մարութը ժխտում են իրենց ինտիմ հարաբերություններ ունենալու հանգամանքը, սակայն դատախազները գտնում են, որ նախկին վարչապետը լռության դիմաց, պարզապես, լավ վճարել է այդ աղջկան: