Դեթրոյթի իշխանությունները դիմել են դատարան՝ խնդրելով քաղաքը սնանկ ճանաչել: Այդ մասին հուլիսի 18-ին հաղորդել է «Reuters»-ը:
Քաղաքի հակաճգնաժամային կառավարիչ Քևին Օռը սնանկության մասին հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ վարկատուների հետ մոտ մեկ ամիս ընթացող բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ: Բանակցությունների ժամանակ Օռը վարկատուներին առաջարկում էր համաձայնվել ստանալ փոխհատուցում նրանց տված գումարի 10-րդ մասի չափով:
Այն դեպքում, եթե քաղաքը ճանաչվի սնանկ, ապա դա կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր մունիցիպալ սնանկությունը, հաղորդում է « France-Presse»-ը:
«Associated Press»-ի տվյալներով, Դեթրոյթի բյուջեի դեֆիցիտը կազմում է 380 մլն դոլար: Քաղաքի արտաքին պարտքը գտնվում է 17-20 մլրդ դոլարի սահմաններում:
Դեթրոյթը վերջին տարիներին ուժեղ անկման մեջ է: Դա արտահայտվում է զգալի թվով խոշոր արտադրությունների գործունեության դադարեցման ֆոնի վրա աճող հանցագործությունների և խոշոր կոռուպցիոն սկանդալների տեսքով: Քաղաքի բնակչությունը 1950 թվականից սկսած 1,8 մլնից նվազել և հասել է 700 հազար մարդու: