«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության Աբովյանի ԳՀՏՍԾ տարածքային տեղամասի փականագործ Ատոմ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել և առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարվել, որ նա' աշխատելով, սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ է մատուցել: Մասնավորապես, նա չի կատարել 2007թ. հուլիսի 2-ի «Հայ-Ռուսգազարդ» ՓԲ ընկերության և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության միջև կնքված «Հանձնարարության Պայմանագրով» և 2009թ. հուլիսի 31-ի տվյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնագրով ամրագրված պարտավորությունները:
Փականագործն, ըստ դատարանի կողմից հաստատված համարված մեղադրանքի, 2008թ. փետրվարի 4-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Երեք խնձոր» հյուրանոցա-ռեստորանային համալիրում գազասպառման համակարգերի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված համալիրի, մասնավորապես' թիվ 1 հյուրանոցային համարի լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված ջրատաքացուցիչը հայտնաբերելու և դրա ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները վերացնելու համար: Դրա հետևանքով տեղի էր ունեցել բնական գազի այրման արգասիքների, մասնավորապես' ածխածնի մոնօքսիդի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայով կուտակում լոգարանում և դրան հարող ննջասենյակում, որն էլ 2011թ. նոյեմբերի 30-ին կարբօքսիհեմոգլոբինով սուր թունավորման հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «Երեք խնձոր» հյուրանոցա-ռեստորանային համալիրի թիվ 1 հյուրանոցային համարի հաճախորդներ' Արտաշես Կապարյանի և Լիաննա Ասլանյանի մահը:
Ամբաստանյալ Ա.Մանուկյանը և պաշտպան Լ.Օհանյանը դիմել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Վ. Ստեփանյանի նախագահությամբ, կայացրած 22-04-2013թ. դատավճիռը, որով Ատոմ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անրգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ, և դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Դատավճռով ամբաստանյալից պետք է գանձվեր ընդհանուր առմամբ 3 մլն ՀՀ դրամ՝ որպես տուժողների հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի փոխհատուցում:
Ըստ պաշտպանական կողմի, Ա.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ և այն պայմանականորն չկիրառել: Ըստ պաշտպանական կողմի, փականագործ Ա.Մանուկյանի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելը, չստուգելը, միջոցներ չձեռնարկելը արտահայտվել են ոչ թե ակտիվ գործողություններ իրականացնելու ձևով, այլ դրսևորվել են բացառապես անգործությամբ, իսկ անգործությունը չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակել:
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքում միջնորդել էր նաև քաղաքացիական հայցի մասով դատավճիռն ամբողջությամբ բեկանել և տուժողների քաղաքացիական հայցերը թողնել առանց քննության: Ըստ պաշտպանական կողմի, ամբաստանյալ Ա.Մանուկյանը պատշաճ քաղաքացիական պատասխանող չի հանդիսանում, քանի որ գործում առկա փաստական տվյալներով հաստատվում է, որ մեղսագրվող արարքները կատարվել են «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի աշխատող համարվող և գործատուի անունից հանդես եկող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն գործով դատավարության մասնակից չի դարձվել, որպես քաղաքացիական պատասխանող չի ներգրավվել, իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է բացառապես ամբաստանյալ Ա.Մանուկյանի դեմ, հետևաբար քաղաքացիական հայցը բավարարելով' առաջին ատյանի դատարանը խախտել է քրեադատավարական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջները, ինչը հանգեցրել է քաղաքացիական հայցի մասով չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Գ.Վարդանյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նշել է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա' մերժման: Առաջին ատյանի դատարանի 2013թ. ապրիլի 22-ի դատավճիռն օրինական է, նշանակված պատիժը' համաչափ է ամբաստանյալ Ա.Մանուկյանի կատարած արարքի բնույթին, հասարակական վտանգավորության աստիճանին և անձին, ուստի դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը' առանց բավարարման: Տուժողների իրավահաջորդները ևս առարկել են վերաքննիչ բողոքի դեմ' քաղ. հայցի մասով, իսկ մնացած մասով հայտնել են, որ չեն առարկում:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները և գտել, որ դատավճռով նշանակված պատիժը համապատասխանում է ամբաստանյալ Ա.Մանուկյանի կատարած հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, նրա անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել պատժի նպատակները' վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ բավարարվել չի կարող ամբաստանյալ Ա.Մանուկյանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու' վերաքննիչ բողոքի պահանջը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին, դրանով կխախտվեն նաև արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: Ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման, բողոքը բավարարելու հիմք չի կարող հանդիսանալ նաև' ամբաստանյալ Ա.Մանուկյանի բարձրագույն կրթություն ունենալու, ամուսնացած լինելու, կնոջ իր խնամքին գտնվելու, ինչպես նաև նրա կատարած արարքի և հետևանքների միջև պատճառահետևանքային կապի միջնորդավորված և ոչ թե ուղղակի լինելու հանգամանքները:
Տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասին վերաքննիչ բողոքի պատճառաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն հիմնավոր է: Տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցերը բավարարելիս և նրանց օգտին 1.500.000-ական ՀՀ դրամ բռնագանձելու մասին որոշում կայացնելով' առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Մանուկյանը տվյալ դեպքում չի հանդիսանում պատշաճ քաղաքացիական պատասխանող, քանի որ գործում առկա փաստական տվյալներով հաստատվում է, որ մեղսագրվող արարքները կատարվել են «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի աշխատող համարվող և գործատուի անունից հանդես եկող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Ուստի, քաղաքացիական հայցը բավարարելով' առաջին ատյանի դատարանը խախտել է քրեադատավարական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ նախադեպային որոշման պահանջները: Դատարանն անտեսել է այս հանգամանքը, «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն գործով դատավարության մասնակից չի դարձվել, որպես քաղաքացիական պատասխանող չի ներգրավվել, իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է բացառապես ամբաստանյալ Ա.Մանուկյանի դեմ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերոնշյալ պատճառաբանությամբ տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցները առաջին ատյանի դատարանի կողմից պետք է թողնվեին առանց քննության: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գ. Ավետիսյանի նախագահությամբ, 13-07-2013թ. որոշմամբ , այսպիսով, մասնակի բավարարել է ամբաստանյալ Ատոմ Մանուկյանի և պաշտպան Լ.Օհանյանի վերաքննիչ բողոքը՝ քաղաքացիական հայցի մասով դատավճիռը բեկանվել է, տուժողի իրավահաջորդների քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
Իսկ ամբաստանյալ Ատոմ Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի դատավճիռը' մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Հեղինակ:
Սոնա Մաշուրյան