Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների 27 ներկայացուցիչ որոշում կկայացնեն՝ ընդգրկել արդյոք շիական «Հիզբոլլահ» շարժումը ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում: Լիբանանը, ուր այդ կազմակերպությունը պաշտոնական կուսակցություն է համարվում, արդեն կոչ է արել ԵՄ-ին՝ հրաժարվել այդ նախաձեռնությունից: Հիզբոլլահը սև ցուցակում ընդգրկելու գաղափարն առաջ էր քաշել Մեծ Բրիտանիան, որին իրենց աջակցութունն են հայտնել Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները: Սակայն Իտալիան, Իռլանդիան և Լեհաստանը դեռևս տատանվում են՝ զգուշանալով, որ կազմակերպությունը ահաբեկչական ճանաչելը կարող է ապակայունացնել Լիբանանում տիրող իրավիճակը. գրում է «Известия»-ն:
«Հիզբոլլահի ռազմական ճյուղը ԵՄ ահաբեկչական ցուցակում ընդգրկելը հակաասադական կոալիցիային լրացուցիչ առավելություն կտա,-կարծում է Մերձավոր արևելքի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Սերեգիչևը,- չէ՞ որ դա կնշանակի, որ պաշտոնական Դամասկոսը համագործակցում է ահաբեկչական կազմակերպության հետ»:
1982 թ. հիմնադրված Հիզբոլլահը ստեղծվել էր իսլամական հեղափոխության պահապան կորպուսի կողմից՝ ի հակակշիռ Իսրայելի, և համարվում է լիբանանյան շիաների շահերն արտահայտող ամենահզոր կուսակցություններից մեկը: