Էլեկտրաէներգիայի, գազի, տրանսպորտի և այլ թանկացումների, սխալ տնտեսական քաղաքականության, օֆշորային սկանդալի, Վերահսկիչ պալատի զեկույցի, իշխանության երկու թևերի հակասությունների, Եվրոպական Միություն, թե Եվրասիական և այլ հարցերի շրջանակում ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ, նախկին վարչապետ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

-Պարոն Բագրատյան, ըստ պաշտոնական տվյալների' հուլիսի յոթից գազի գինը թանկացել է 18%-ով, ըստ Ձեզ' որքանո՞վ է արդարացված այդ թանկացումը ու արդյոք գազի սակագնի թանկացումը համարժեք է, այսինքն նույն սակագինն է տարբեր ոլորտներում:

-Ասեմ Ձեզ, որ ընդհանուր առմամբ գազը բնական ռեսուրս է, աշխարհում մարդկանց թիվն աճում է, իսկ բնական ռեսուրսների պաշարները շատ ավելի դանդաղ են աճում, քան թե մարդկանց թիվը, ուստի դրանք թանկանալու միտում ունեն։ Խնդիրն ուրիշ տեղ է՝

ա. Հայաստանում թանկացման աճը, տեմպը շատ արագ է,

բ. անհասկանալի է քաղաքականությունը:

Վերցնենք վերջին դեպքը. մարդու համար (բնակիչ կամ տնային տնտեսություն) գազը թանկացել է 18%՝ դառնալով 156000 դրամ կամ 380$, խոշոր սպառողների համար թանկացել է 13%, ես չգիտեմ, թե ինչ կլինի գազալցակայանների գազի վերջնական գինը, բայց խոսում են 5%-ի մասին։ Եթե նկատի ունենանք, որ այս միտումը նույնպիսին է եղել 2009-ին ու դրանից առաջ, ապա վիճակն այսպիսին է. 380$-ը վճարում է բնակիչը կամ տնային տնտեսությունը, 276$ խոշորը, և շատ ավելի քիչ գազալցման կայանները: Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանություն կա. չէ՞ որ բնակչին գազ տալու համար պետք է ավելի շատ աշխատել, ավելի հեշտ է խոշորին տալ։ Բայց դա էդպես չի. կա մեդալի հակառակ երեսը, որտեղ ճշմարտությունը հինգ անգամ ավելի շատ է, քան թե շիտակ երեսին, որովհետև աշխարհում' երկրների զգալի մասում, բնակիչներին տրվող գազը երբեմն ավելի էժան է: Բերեմ Ձեզ օրինակ' Ուկրաինա: Այդ երկիրը գազը ստանում է ավելի քան 400$ (Հայաստանը՝ 180), իսկ ժողովրդին մինչև 2500խմ-ի դեպքում վաճառում 100-ով, օլիգարխներին՝ 700-ով։ Այո, ինքնարժեքով բնակչին տրվող գազն ավելի թանկ է, բայց երկրները ճիշտ հակառակն են անում. կամ հավասարեցնում են, կամ խոշոր սպառողինն են ավելացնում, որն արդյունաբերող է, որ աշխատավարձից բացի շահույթ էլ ունի: Այս վերջին տրամաբանությունը աստիճանաբար սկսում է գերակայել ամենուր, և մենք դրա տարրերը տեսնում ենք նաև Եվրամիության քաղաքականության մեջ:

Մեզ մոտ խոշոր և մանր սպառողների տարբերությունը 35% է։ Ստացվում է, որ բնակիչները (ժողովուրդը) պահում են խոշոր բիզնեսին։ Դրանից հետո ինչու՞ ենք զարմանում, որ մանրը չի զարգանում, ինչու՞ ենք զարմանում, որ արտագաղթ է լինում։ Ահա արտագաղթը խրախուսող ցայտուն օրինակ:

Թվում է, թե գազալցակայանի գազի գնի քիչ թանկացման դեպքում շահում է բնակիչը։ Այո, շահում է, ասենք, մի անգամ, բայց հինգ անգամ շահում է գազալցակայանի տերը, ստացվում է, որ ավելի շատ մենք տուժում ենք ոչ թե նրանից, որ Ռուսաստանը գազի գինը բարձրացնում է, այլ նրանից, որ մեզ մոտ սիստեմ չկա, մեր երկիրը ստեղծված է սպասարկելու մի քանի տասնյակ օլիգարխների:

Ռուսաստանում, օրինակ, գազի գինը 55-60$ է. խորհրդարանական լսումների ժամին էներգետիկայի նախարարը վարչապետի ներկայությամբ ասաց, որ Ռուսաստանում գազի գինը 130-140$ է, ի դեպ, ես անմիջապես զանգեցի Մոսկվա և առաջարկեցի, տրիբունայից, ասեցի, խոսեք եղբորս հետ, թե ինքն ինչքան է վճարել, և էստեղ սուտ մի հայտարարեք։ Քավ լիցի, ասենք թե 130 է, ինչ-որ տեղ Սարատովում կամ Նովոսիբիրսկում 130 է, Մոսկվայի պես չէ: Ասենք թե։ Հիմա մեր 380$ գինը ինչ գործոններից է բաղկացած. 180-ը ռուսական գազի գինն է, 200-ը տեղափոխման գինն է Նոյեմբերյանից Երևան։ Այժմ ենթադրենք Ռուսաստանը մեզ նվիրում է գազը։ Եթե նվիրեր մեզ, գազի գինը կլիներ 200$, չորս անգամ ավելի թանկ, քան թե Մոսկվայում։ Լավ, գազը ռուսները մեզ թանկ են ծախում։ Լավ, անընդհատ կարող ենք սրսկել էս ժողովրդին, թե՝ տեսեք Ռուսաստանը չի սիրում մեզ, բայց էդպես չի, չէ՞։ Եթե ռուսները ձրի էլ տան գազը, ապա միևնույնն է՝ այն շատ թանկ գնով է վաճառվելու ժողովրդին։ Պրոբլեմն այն է, որ, նախ, գնային քաղաքականությունը ճիշտ չէ տարբեր սոցիալական խմբերի միջև։ Երկրորդ, իսկ ինչու՞ է գազի տեղափոխման ծախսը փոքրիկ Հայաստանում շուրջ 8 անգամ ավել, քան Ուկրաինայում։ Դա նույնն է, որ Դուք գնաք հեռուստացույց գնեք խանութից, վճարեք 300$, բայց 500$ էլ վճարեք տեղափոխման համար տաքսու վարորդին։ Հարց է ծագում, ո՞նց կարող է նման բան լինել:

Պարզվում է, որ դրա համար կա մի քանի պատճառ։ Նախ, Հայաստանը գազաֆիկացված է համարյա թե լրիվ՝ 96-97%։ Ու չնայած գյուղերը գազաֆիկացված են, սակայն դրանց 1/3-ը կամ ավելին գազ չեն սպառում (ի վիճակի չեն), բայց այդ ցանցերը մենք պահում ենք։ Է չգազաֆիկացնեիք, նման նախընտրական խոստումներով խաղեր չտայիք։ Երկրորդ, պարզվում է, որ գազի ցանցերը, խողովակները ամեն տարի ներկվում են: Իրականում դրանք մի անգամ են ներկվում (քաշելուց) ու հետո չեն ներկվում ընդհանրապես: Հաջորդը' ես շատ պատասխանատու հայտարարություն եմ անում. պնդում եմ, որ Հայաստանում կա խոշոր բուրժուազիա, որը սնվում է գազից, և գազի սակագնի՝ բնակչության համար նման բարձրացումը պայմանավորված է նրանով, որ այդ խոշորների մի մասը չեն վճարում կամ մասամբ են վճարում։

Ես դրանում համոզվեցի 2009-ի դատի ժամանակ, ահա սա է, որ քննարկում ենք, այո, Ռուսաստանը կարող էր բարձրացնել գազի գինը, բայց հիմնական բարձրացնողը Հայռուսգազարդն է, որը խաղերի մեջ է տեղական ղեկավարության՝ օլիգարխների հետ։ Սրա մասին չգիտես ինչու չենք խոսում, բացարձակապես չենք խոսում, մենք չենք ուզում հսկել Հայռուսգազարդին։ Առաջ ես կարծում էի, թե գուցե Ռուսաստանը թույլ չի տալիս, հիմա կարծում եմ, որ Հայռուսգազարդը մի հիմնարկ է, որոնց հետ լավ հարաբերություններ սահմանելով' սնվում են շատերը ու հատկապես հարուստներն ու իշխանավորները, դրա համար ոչ ոք չի ուզում վերլուծի նրանց գործունեությունը:

Եվ շատ հաճախ այս պարագան մատուցում ենք հանրությանը իբրև թե մենք ի՞նչ անենք, հլը տեսեք, մենք էնքան լավ ենք Ռուսաստանի հետ, որ մեր գազի գինն ավելի էժան է, քան Ուկրաինայում։ Հետո ի՞նչ, մեջն ի՞նչ կա, էդ գինը, որ մենք սահմանին ֆիքսում ենք, հո դրանով չենք վճարում, բայց մեր վերջնական գինը չորս անգամ ավել է, քան Ուկրաինայում, ավել է, քան Վրաստանում:

-Կառավարության խոստումը' գազի գնի 30% սուբսիդավորումը, իրականություն կդառնա՞ ըստ Ձեզ, քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ամեն կերպ խուսափում է այդ հարցից:

-Եթե սուբսիդավորում չլինի, կլինի 480$, իսկ դա կլինի աշխարհի ամենաթանկ գազը։ Իսկ ինչու ամենաթանկը, որովհետև երբ կալորիականությունը հավասարեցնում եվրոպականին, այդ 480-ն էլ 1,27-ով պիտի բազմապատկենք, եկավ կանգնեց 750$:

-Պարոն Բագրատյան, երթուղային տրանսպորտի սակագնի թանկացման պատճառով մայրաքաղաքում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տվյալների' թանկացումը կապ չունի գազի թանկացման հետ, այն պայմանավորված է պահեստամասերի թանկացմամբ, որն արդեն տարիներ շարունակ թանկացել է, ստացվում է՝ տարիներ շարունակ վնասո՞վ են աշխատել և հիմա՞ են որոշել թանկացնել: Ըստ Ձեզ' այդ հիմնավորումը որքանո՞վ է տրամանաբական, և իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ մեզ մոտ տրանսպորտը բավականին էժան է տարածաշրջանային և միջազգային երկրների հետ համեմատած, որքանո՞վ է ճիշտ մեր տնտեսության ու կենսամակարդակի պայմաններում մեր երկիրը համեմատել որևէ միջազգային երկրի հետ: (Հարցազրույցն արդեն արված էր, երբ պարզ դարձավ, որ ուղեվարձը չի թանկանալու):

-Նախ, գազի թանկացումը փոքրիկ դեր խաղում է տրանսպորտի թանկացման մեջ, ինչ վերաբերում է պահեստամասերին, չեմ տիրապետում այդ տվյալներին, որքան գիտեմ՝ մոտ 15 տարի գինը չի բարձրացել, այդ առումով չեմ կարող ասել, թե որքանով է ճիշտ գինը հաշված:

Ինչ վերաբերում է տրանսպորտի գնին, թե մեզ մոտ ավելի էժան է, կամ նույնիսկ մետրոն, քան, ենթադրենք, Փարիզում, ապա նման համեմատությունը սխալ է։ Գազը կարող ենք համեմատել, դա հումք է, իսկ տրանսպորտը ծառայություն է, որը ձևավորվում է տվյալ երկրի գնային միջակայքում։ Մեզ մոտ գնային ցածր ֆոնը պայմանավորված է ցածր աշխատավարձերով։ Այնպես որ, այդ բացատրությունները ճիշտ չեն։ Բացի այդ, մեզ մոտ երթուղային տաքսին երկու կամ երեք անգամ թանկ է, քան Եգիպտոսու՞մ կամ Հորդանանու՞մ գործող գներից։ Ու՞մ հետ ենք համեմատում։ Այսինքն, սա աշխատավարձերի եկամուտի նկատմամբ հարաբերվող ծառայությունների գին է, ուստի չի կարելի էդպես համեմատել։ Հետո, մեզ մոտ տրանսպորտի գներն էժան չեն' ավիացիան չորս անգամ ավելի թանկ է, քան ֆրանսիացու համար, երկու անգամ թանկ, քան ռուսի համար, մեզ մոտ երկաթգիծը երեքից չորս անգամ թանկ է, քան Ուկրաինայում։ Այդ արտահայտությունները, որ երթուղային տրանսպորտի գնի համեմատություն են անում, դրանք համաշխարհային գին չունեն։ Գազն ունի համաշխարհային գին, գազը կարող ես համեմատել։ Իսկ երթուղայինի գինը չունի, դա համաշխարհային շուկայի ապրանք չի, նման համեմատությունը անգրագիտություն է:

-Մարդկանց մոտ և լրատվամիջոցներում ամենաշատը քննարկվեց ու բողոքի ալիք առաջացրեց տրանսպորտի թանկացումը, ու կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի, գազի ու, ինչու չէ, նաև հացի թանկացումը մի փոքր հետին պլան մղվեց, ի՞նչն էր պատճառը, հենց այդ 50%-ը, որ միանգամից զարկում էր մարդկանց գրպաններին, ու մասսայական բողոքի ալիք բարձրացավ դրա հետ կապված, ու ինչու՞ մեր տնտեսության մեջ ընդունված չէ թանկացումը 2, 3, 5%-ով և պարտադիր գոնե 10% պետք է լինի, ինչպես եղավ հացի պարագայում:

-Մենք էլ ենք դա ասում, մնում-մնում թռնում է, հատկապես ընտրություններից հետո, ինչու՞ անպայման ընտրություններից հետո, հաջորդ թանկացումների ալիքները կլինեն 2017-18-ին: Դա վկայում է, որ մենք գործ չունենք տնտեսական էվոլյուցիոն երևույթների հետ, մենք գործ ունենք քաղաքական ռևոլյուցիոն միջամտության հետ, և տնտեսությունում քաղաքական ռևոլյուցիոն միջամտությունը իր նշանակությամբ գերազանցում է էվոլյուցիոն ընթացքին:

Սեդա Ղուկասյան