Էջմիածին քաղաքի բնակչուհի Հեղինե Մակարյանը իր հինգ երեխաների հետ նստացույց է իրականացնում նախագահականի դիմաց:
Մայրը հաստատակամ որոշել է մնալ այնքան, մինչև հնարավորություն կընձեռվի հանդիպել նախագահի հետ. եկել են ճամպրուկներով, անկողնով:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հեղինեն պատմեց, որ այստեղ են՝ նախկինում եղած անօրինականությունը բացահայտելու համար. դեռ 1976 թվականին Հեղինեի ամուսնու' Աշոտ Խուդոյանի պապը բնակարան է կտակել ամուսնուն ու իր եղբայրներին, բայց նրանց մայրը և քույրը կեղծել են այդ կտակը և նվիրատվությունը ձևակերպել իրենց անունով:
«Մենք 2008 թվականին դիմել ենք Էջմիածնի դատախազություն, մեր դիմումը մերժել են, ասել են՝ ամեն ինչ օրինական է եղել:
Դրանից հետո դիմել ենք դատարան, բայց տեսնելով, որ դատարանում էլ մեր իրավունքներն ակնհայտորեն ոտնահարվում են, դիմել ենք նախագահին, որ նախկինում փակված քրեական գործը բացահայտվի:
Գործը 2008 թվականին էլ փակվել է, բայց դիմեցինք նախագահին, նա հրաման տվեց, քրգործ հարուցվեց:
Հիմա գործը դատանում է, բայց դատավորը դեռ որոշում չի կայացրել, քանի որ կեղծ գործարքների շուրջ է գործը գնում»:
Հեղինեն ու ամուսինը համոզված են գործի անօրինականության մեջ.
«Նվիրատվության պայմանագիրը հենց իրանով կեղծ է, քանի որ պապիի ստորագրությունը չկա, իսկ դա հենց առաջին հերթին կեղծիք է, հիմա էդ թղթերը տվել են ձեռագրաբանների, փաստաբանները ներկայացրել են մեր հայցը, տեսնենք ինչ կլինի, բայց նույն ժամանակահատվածում էլ քրգործն է հարուցվում:
Ամուսինս էլ էր մեզ հետ նստացույցի, բայց մեր քաղաքապետը եկավ, խոսեցին իրար հետ, գնացին ամուսնուս եղբոր հետ հաշտության, քանի որ նա էլ իր հերթին է կեղծիքներ արել:
Հիմա հրավիրում ենք նախագահի ուշադրությունը, քանի որ քրգործ է հարուցվել ու ոչ օբյեկտիվ քննություն են տանում, մանրամասներին չեն անդրադառնում, էնտեղ կա նոտար, կադաստր, որտեղից որ մեր թղթերը գողացվել է, դրա համար էլ դիմում ենք, որ ճիշտ փորձաքննություն լինի:
Անժամկետ նստելու ենք, եկել հասել ենք էստեղ, որ մեր երեխաների տան հարցը լուծենք»:
Սեդա Ղուկասյան