Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի և Եգիպտոսի շուրջ իր վարչակազմի առանցքային որոշումների մասին:
Նախագահը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ը այլևս չի կարող վերադառնալ Եգիպտոսի հետ հարաբերությունների նախկին մակարդակին:
«Կասկած չկա, որ մենք չենք կարող վերադառնալ սովորական համագործակցության՝ հաշվի առնելով կատարվածը»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ ամերիկյան կողմն այս պահին «վերլուծում է Եգիպտոսի հետ հարաբերությունները»:
Խոսելով սիրիական ճգնաժամի մասին՝ Օբաման ասել է, որ Սիրիայի հակամարտությունը շոշափում է ԱՄՆ-ի առանցքային շահերը, մասնավորապես՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտը, դաշնակիցների անվտանգությունը և տարածաշրջանում ամերիկյան բազաների պաշտպանությունը:
Մեկնաբանելով սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները՝ Օբաման ուղղակիորեն չի մեղադրել Սիրիայի կառավարությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն այժմ «տեղեկություն է հավաքում»:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը դեմ է արտահայտվել առանց ՄԱԿ-ի մանդատի Սիրիայում ռազմական միջամտությանը: