ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ «ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի՝ Մաքսային միությունում անդամակցելու և Եվրասիական Միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ»:

Հայտարարությունում ասվում է. «Սերժ Սարգսյանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինին հանձնել Արցախի, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի սահմանների մաքսային վերահսկողությունը, մերկացրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը։ Ավտորիտար, անփոփոխ իշխանություններով միջպետական միավորմանն անդամակցելը բխում է Հայաստանում գործող հակասահմանադրական ուժերի իղձերից։ Ակնհայտ է մոտ ապագայում այդ ուժերի միավորումը' Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը հաստատող սահմանադրական կարգ ձևավորելու հարցում։

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցածն ապացուցում է, որ 2013թ․ նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցներին, ներառյալ եվրոպական դիտորդներին, Հայաստանում շինծու ընտրությունները կասեցնելու վերջնագիր ներկայացնելը լիովին համապատասխանել է հայ ժողովրդի ազգային և միջազգային հանրության իրական շահերին։

Ենթադրում եմ, որ ԱՄՆ և Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուներն արդեն գիտակցում են այն վնասի չափը, որը հակասահմանադրական քաղաքական ուժերի լեգիտիմացման արդյունքում պատճառվել է հայ ժողովրդի քաղաքական գիտակցությանը:

Հայաստանում խոսքի և հավաքների ազատության ոլորտում քաղաքացիների լայն զանգվածները ուղիղ ժողովրդավարության սկզբունքով քաղաքացիական գործընթացներին ազդեցիկ մաս դարձնելու համար, այսօր անհրաժեշտ են արդյունավետ և արագ արձագանքող գործողություններ։

Քաղաքացիական շարժման մասնակիների կյանքը, առողջությունը, արժանապատվությունն ու ազատությունները պաշտպանելու գործում անհրաժեշտ գործոն է Արեւմուտքի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների դեմ Հայաստանի վարչախմբի քաղաքականությունը սանձելու ուղղությամբ»: