tert.am Ավստրալացի մարզիկ Թոմ Դենիսն ավարտել է իր յուրահատուկ շուրջերկրյա վազքը, որը նա սկսել էր Սիդնեյում՝ 622 օր առաջ։ Միջին հաշվարկով՝ Դենիսը յուրաքանչյուր օր վազել է մեկ մարաթոնյան հեռավորություն՝ 42 կմ, գրում է ДНИ.ru-ն։

 

Մեկնարկելով 2011թ. դեկտեմբերի 31-ին Ավստրալիայում՝ Դենիսը վազել է Նոր Զելանդիա, այնուհետ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ։ Ավելի ուշ նա արևմուտքից տեղափոխվել է արևելք՝ Եվրոպա և Ասիա, վերադարձել Ավստրալիայի արևմուտք և հարավային ափով վազել տուն՝ Սիդնեյ։ Վազքուղու երկարությունը կազմել է 26.232 կմ։

 

Վերադառնալով տուն՝ երջանիկ վազորդը հայտնել է, որ այժմ աշխարհն իրեն այդքան հսկայական չի թվում։ Իր յուրահատուկ վազքով ավստրալացին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Թոմ Դենիսի անունը գրվել է պատմության մեջ՝ որպես մարդու, որը ոտքով իրականացրել է ամենաարագ շուրջերկրյա ճանապարհորդությունը։