tert.am Սիրիայի քիմիական զենքը պահվում է 45 օբյեկտում, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցների, որոնք էլ հղում են անում ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին։

 

Ըստ նրա՝ Ռուսաստանը համաձայնվել է ԱՄՆ-ի այն տեղեկությանը, համաձայն որի Սիրիայում գտնվում է մոտ 1.000 տոննա քիմիական զենք, այդ թվում՝ զարին։

 

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ավարտել են Ժնևում հինգշաբթի մեկնարկած և Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ բանակցությունները և ասուլիս տվել։

 

Քերին նշել է, որ քիմիական զենքի խնդրով գործողությունների պլանը համաձայնեցվել է կողմերի միջև։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2014-ի կեսը սիրիական քիմիական զենքը կոչնչացվի։

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվան առաջարկել էր սիրիական քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողության։ Այս գաղափարին միանգամից աջակցություն էին հայտնել Սիրիայի իշխանությունները, Լոնդոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

 

Դա գնահատել է նաև Բարաք Օբաման, ով հայտնել է, որ Սիրիային ԱՄՆ-ի հարվածը կարող է հետաձգվել այդ ծրագրի իրագործման դեպքում։