Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններն ապացուցեցին վերջիններիս պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում:
Հայտարարության մեջ ասվում է. «Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները Երևանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեցին վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։
Երևանցու վստահության քվեն ստանալիս մենք բոլորս էլ պատրաստակամություն ենք հայտնել հետամուտ լինել Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը ու պատասխանատվություն ենք ստանձնել կառուցողական մոտեցումներով, ինչու չէ, նաև համատեղ ջանքերով հնարավոր լուծման ուղիներ գտնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի հետ կապված: Ինչ խոսք, հնարավոր է ներկայացնել բազմաթիվ պատճառներ ցանկացած ձևաչափում մասնակցությունից խուսափելու համար, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում ներկայացրած պատճառները ավելի քան հիմնազուրկ են և ակնհայտ հետապնդում են պոպուլիստական նպատակներ: Երևանի քաղաքապետարանը առաջարկում է ընդամենը թափանցիկ գործունեություն, որի աշխատանքը և արդյունքները օբյեկտիվորեն կներկայացվեն հանրությանը»: