Tert.am Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ նույն սեյսմիկ ակտիվության գոտում ենք գտնվում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։

 

«9 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։ Երկրաշարժերից 12-ը գրանցվել է Հայաստանում։ Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Վրաստանում՝ 5,1 մագնիտուդով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասաց նա ու նկատեց, որ երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն և թեև չի ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն նշեց, որ Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ։

 

«Այս պահին սեյսմիկ վիճակն այնպիսին է Հայաստանում, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Սպիտակից անցել է 25 տարի, ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնա, մենք ունեցել ենք 88 -ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար»,- ասաց նա։

 

Մասնագետը նկատեց, թե պատմությունը ցույց է տվել, որ նման ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունենում 20-25 տարին մեկ։ Նա Թուրքիայի Վարտո քաղաքի երկրաշարժի օրինակը բերեց, ուր 1946թ-ին է ուժեղ երկրաշարժ գրանցվել, ապա՝ 1966 թթ-ին, Սպիտակի երկրաշարժը՝ 1967թ-ին, ապա՝ 1988 թ-ին։

 

«Վատ չէ, որ միջին ուժգնության երկրաշարժեր են տեղի ունենում, քանի որ լիցքաթափում են, սակայն վատ չէ, եթե ավելի ուժեղ երկրաշարժի նախանշաններ չեն համարվում»,- ասաց նա։