Lragir.am Տարոն Մարգարյանն ինքնուրույն գործիչ չէ: Նա բազմիցս անօգնական կանգնել է հանրության առջև՝ ստիպված լինելով սուտ խոսել անելանելիությունից: Բայց այն, ինչը հիմա ցանկանում են նրա հետ անել Հենրիկ Նավասարդյանն ու իր հովանավոր գծատերերի խումբը, արդեն անողոքության վերջին աստիճանն է:
Անտեսելով Երևանի տրանսպորտային համակարգն առողջացնելու ցանկացած նոր ծրագիր՝ Նավասարդյանն ու պաշտոնյա-գծատերերի մի խումբ համառորեն պնդում են իրենց թանկացման որոշումը: Այդ մասին է վկայում նրանց կողմից կտրուկ մերժումը, օրինակ, փոխադրողների միության մի մասի վերջերս հրապարակած առաջարկների քննարկման հարցում:

 

Նույնը՝ ակտիվիստների կողմից առաջարկված համայնքային տրանսպորտային համակարգող միավորման ստեղծման դեմ: Նույնիսկ փորձել են ազդել այլ տարբերակներ աջակցող որոշ փոխադրողների վրա: Մյուսներին էլ ստիպել են շտապ ասուլիս տալ նորից թանկացումը պաշտպանելու համար:

 

Մյուս կողմից, Նավասարդյանն ու գծատերերն ի վիճակի չեն հասկանալ տրանսպորտային խնդրի լուծման սոցիալական բաղադրիչը, այլ միայն գերի են իրենց և իրենց շրջապատի բիզնես շահերին: Տարոն Մարգարյանն ու Հենրիկ Նավասարդյանը որոշել են մի բան. հարցը պետք լուծվի ուղևորների հաշվին, այլ լուծումներ նրանք չեն պատկերացնում: Ամառվա տրանսպորտային ընդվզումն, ըստ էության, ամենալայն սոցիալական շարժումն էր:

 

Այդ զանգվածային ինքնակազմակերպումը և հաջորդող նստացույցը չեն տեղավորվում Նավասարդյանի ու նրա ընկերների ընկալումների մեջ: Նրան թվում է, թե վարչական լծակով կլուծեն հարցը:
Նաև նստացույցի մասնակիցների հանդեպ կիրառվող խորամանկ ու վախվորած մեթոդներն են վկայում, որ այստեղ հարցին լուրջ մոտեցում չկա: Կան ստվերային ֆինանսական հոսքեր, որոնք հոսում են իրենց գրպանը, և դրանց չի կարելի ձեռք տալ:

 

Եթե նույնիսկ քաղաքի տրանսպորտային համակարգը կոլապսի ենթարկվի: Ամեն ամիս 16 000 դրամ է գանձվում մեքենաներից, ամեն օր 500 դրամ ապօրինի վճար դիսպետչերներին, գումարած այլ ստվերային հոսքեր դեպի վերև: Այս պատկերից պարզ է դառնում, թե իրականում ովքեր են խոչընդոտում իսկական բարեփոխումներին:

 

Հիմա հանրության ավելի մեծ շերտեր են հասկանում, որ պաշտոնյաներին թիրախավորելը շատ կարևոր էր: Նստացույցը մասամբ լուծեց այդ խնդիրը՝ թույլ չտալով, որ այդ պաշտոնյաները միանգամից անցնեն հակահարձակման: Առայժմ նրանք պաշտպանվում են: Բացի այդ, նստացույցի մասնակիցները օգնեցին օրակարգ հանելու տրանսպորտի սոցիալական բաղադրիչը: Դա ցույց տվեց նաև ոլորտի ներքին հակասությունները և վարորդների իրավազուրկ կարգավիճակը:

 

Հիմա քաղաքապետարանում մտքի ճգնաժամ է: Մի կողմից գծատեր-պաշտոնյաների ճնշումը, իսկ մյուս կողմից էլ տրանսպորտի համակարգային ռեֆորմի ու թափանցիկության հարցը ծանր կացության մեջ են դրել գծատեր-քաղաքապետին: Հանրային մասնակցությամբ լուրջ ռեֆորմի անհետաձգելիությունն ու այդ անելու Մարգարյանի անկարողությունը նրան գցել են «Նավասարդյանական» թակարդի մեջ, որից նա հուսահատ փորձում է դուրս գալ: Իսկ հանրությունն արդեն զգացել է իր ուժի աղբյուրը, թերևս, այս անգամ օլիգարխիայի տրանսպորտային թևը մի լավ տրորվելու է երթուղայինների ակերի տակ: Ընտրությունների համար գծատերերին պարտք մնացած Մարգարյանի վիճակը նախանձելի չէ, բայց ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:

 

Առաջին անգամ Հայաստանում վարչական մարմինն այսքան սուր կերպով բախվել է սոցիալական արդարության խնդրի հետ և ստիպված է լուծել շատ կոնկրետ հարց, որը վերաբերվում է հարյուր հազարավոր մարդկանց գրպանին: Ամեն մարդու բան չէ քաղաք ղեկավարելն ու սոցիալական շահեր համադրելը: Նստացույցի ակցիաները կարող են Տարոն Մարգարյանի համար անմեղ բան թվալ նոր թանկացման դեպքում ձմեռվա շեմին բարձրանալիք բողոքի ալիքի դիմաց: Ըստ ամենայնի, նա չի կարողանալու ազատվել Նավասարդյանի ու պատգամավոր-պաշտոնյա-գծատերերի ճանկից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 

 

 

 

Վահան Մելիքսեթյան