«Հաղորդումը տրված է հանցագործության մասին, արդեն 10 օրը լրացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու: Տեսախցիկը նաեւ գտնվում է իրենց մոտ, պետք է փորձաքննություն նշանակվեր՝ պատճառված վնասի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է արել վարույթն իրականացնող մարմինը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել՝ ռուս սահմանապահների հետ կատարված միջադեպի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մեղրից Երեւան վերադառնալու ճանապարհին ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչները կանգնեցրել էին «Ժառանգության» անդամների մեքենաները, կոտրել նրանց տեսախցիկը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է դեռ պարզվի, թե որքանով են իրավաչափ եղել ռուս սահմանապահների գործողությունները. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ եւ ինչ գործառույթ էին այնտեղ իրականացնում, որովհետեւ դա սահման չէ: Իրանի հետ ՀՀ սահմանից 30 կմ ուղիղ գծով հեռու է, եթե ճանապարհով գնանք, ավելին է: Դա բացարձակ սահմանային ընթացակարգով վերահսկվող տարածք չէ, եւ այնտեղ նրանց պատճառով որպես ՀՀ քաղաքացի, իմ եւ մնացած բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները սահմանափակվում էին: Մենք իրավունք ունենք իրազեկվելու, թե ինչ էին անում այդտեղ այդ սահմանապահները եւ որոնք էին իրավական հիմքերը, որոնք սահմանափակում էին մեր հիմնարար ազատությունները»: