ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր Հայաստանի գրողների միության դահլիճում անցկացվեց ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքի շնորհանդեսը:

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորելով հեղինակին ասաց, որ գիրքը ներառված էր դասական եւ ժամանակակից լավագույն նմուշներից. «Իհարկե կան բանաստեղծներ, որոնց գործերը ներառված չեն, բայց սա նշանակում է, որ Հովսեփ Նալբանդյանը շարունակի այս աշխատանքը եւ պատրաստի երկրորդ հատորը»,-ասաց նա' կարեւորելով այսպիսի գրքերի լույսընծայումը, քանի որ խոսակցական եւ համացանցային լեզուն ըստ Միլիտոնյանի' արագ ներթափանցում են մեր կյանք եւ մեզանում սքանչելի հայերենի մասին պատկերացումները խաթարվում են:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարեւորելով մայրենի լեզուն, ասաց որ Մ. Մաշտոցը մեր լեզվի եւ օրենսդիրն է, եւ օրենսգիրքը. «Մայրենին աղավաղել, մայրենին վիրավորել, մայրենին անտեսել, մայրենիի մեջ լցնել աղբ որեւէ մեկին իրավունք չի տալիս: Հզոր է, ուժեղ է, կարող է այն երիտասարդը, ով խոսում է գրական հայերեն. Ով մայրենին պահել չգիտի, կարծում եմ, շատ ու շատ բաներ պահել չգիտի»,-ընդգծեց նախարարը:

Վերջինս անդրադառնալով Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքին ասաց, որ հեղինակը կարողացել է մեկ գրքում ամփոփել Մաշտոցին վերաբերող գրեթե բոլոր հնարավոր նյութերը.«Սա մեծագույն աշխատանք է, որ արեց պրն. Նալբանդյանը: Ես անսահման բարձր եմ գնահատում նրա աշխատասիրությունը, հետեւողականությունը: Հրատարակել 12 գիրք եւ այդ գրքերի մի մասն էլ հանրագիտարանային արժեք ունեցող լավագույն աշխատանքներ են»,-ասաց նա' վերջինիս հանձնելով «Մայրենիի դեսպան» մեդալը, որի վրա պատկերված է Մաշտոցը, իսկ հակառակ երեսին այբուբենը: