Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին գրված «Աղերսագիր ռուսաց թագավորին»
«…ներեցեք չափն անցնելու համար, բայց Դուք մոռացել եք, որ Հայաստանը Ռուսաստան է, որ Ղարաբաղը Ռուսաստան է…Հավերժ… Եկեք տեր կանգնեք Ռուսաստանին»
Այն, որ Զ.Բալայանի ստորագրությամբ «Աղերսագիր ռուսաց թագավորին»-ը պատվիրված է՝ դուրս է սողում յուրաքանչյուր տողից: Բայց ինչու՞ փաստացի սպառված Զորի Բալայանի միջոցով և ինչու՞ այս անտաղանդ «աղերսագրով»:
Բայկալի և անապատացման ճակատագրով մտահոգ ռուսական թերթի ժուռնալիստի «հումանիստական կարիերան» ընդհատվեց ճիշտ ու ճիշտ Հայաստանի ծավալուն ֆիզիկական և սոցիալական անապատացման հարաճուն գործընթացի դեմ հանդիման, հենց այն պահից, երբ Զորի Բալայանը ռուսական կղզյակներում միշտ առկա հիրավի հումանիստական մշակութային միջավայրից ինքն իրեն տեղափոխեց Հայկական իշխանության հակամարդկային, հակապետական, հակազգային թակարդ:
Բայկալի համար կուրծք ծեծող խորհրդային մտավորականը բերանը ջուր առած լուռ ու մունջ հետևեց անկախ Հայաստանի բնական ու մարդկային ռեսուրսների քսանամյա գերշահագործման, լլկման, սակավահող Հայաստանի հազարամյակներով նվաճված երկրագործական նվազ հողերի դեգրադացիայի, Հայաստանի անխնա հատվող անտառների և սրա արդյունք հողերի հոսունության ու սակավաջրության, վարկային ստրկացման, մարդկային արժանապատվության անսահման նվաստացման, մարդկանց ահաբեկման, և այլ հրեշավոր հանցագործությունների ծավալումներին, որոնք անխուսափելիորեն հանգեցնում էին Հայաստան երկրի մարտունակության անկման և խոցելության…՝ հանուն լիսկայա-նեմեցա-շմայսա-լֆիկական գանգստերային մշակույթի:
Ադրբեջանի հակահայկական քաղաքականության կարևորագուն հիմնավորումները Ադրբեջանի տարածքի մշակութային կոթողների ոչնչացման, արտագաղթի փաստերի վրա կառուցած Զորի Բալայանը քսան տարի շարունակ չտեսավ, չիմացավ, չկարդաց Հայաստանի մշակութային ժառանգության դեմ հայաստանյան ոտնձգությունները, չտեսավ լիսկայա-նեմեցա-շմայսա-լֆիկական գանգստերային մշակույթի հետևանքով Հայաստանն արնաքամ անող արտագաղթը, հանքահանության ուղղակի ազդեցության հետևանք ամլությունը, ծաղկող քաղցկեղը, դրա և խոնավ հյուղակներում անժպիտ մանկությամբ կիսասոված ու հյուծվածությունից թերաճ ցածրահասակ, ծուռ ողնաշարերով կիսահաշմանդամ զինվորացուներին, չլսեց ու չտեսավ բանակում զոհվող զինվորների ծնողների սրտմաշուք մորմոքը…
Արյունաքամ լինող փոքրիկ Հայաստանի ամենօրյա ողբերգությունը վրիպեց Զորի Բալայանի՝ Միջերկրականի լայնարձակ տարածքներին վարժված սրատես հայացքից: Չտեսավ և չի տեսնում այն գարշելի անկումը, որին մեր երկիրն օրեցօր, ժամ առ ժամ տանում էր և տանում է այն, ինչ դեռ կրում է «Հայաստանի իշխանություններ» բարձրագոչ անունը:
Չտեսավ՝ լավ արեց: Իր գործն է: Բա հիմա ի՞նչ գործ ունի Հայաստանի իրողությունները չտեսնող-չլսող այս մարդը, որ «ռուսաց թագավորին» ապաշնորհ ոճի ու դավադիր բովանդակության աղերսագիր է ուղարկում՝ գալ տեր կանգնել Հայաստանին ու Ղարաբաղին:
Ինչպես երևում է՝ Զորի Բալայանը պարզապես ծուղակն է ընկել: Ինչ որ մեկը նրան, հավանաբար, ասել է, որ ժամանակն է «մտածել հայրենիքի ապագայի մասին», հատկապես, որ ժամանակն արդեն անցել է… առնվազն այդ խորհուրդը տվածի համար: Սեփական երկրի թալանը վերջացել է, մնացել է պատասխանատվությունը: Դե ահա Զորի Բալայանը «գործուն կերպով» մտածում է «հայրենիքի ապագայի մասին»:
Հասկանալով, որ ՀՀ իշխանություններն անվերադարձ կորցրել են Հայաստանի և Ղարաբաղի ներկան ու ապագան, քանի դեռ իրենք կառավարիչներ են, Զորի Բալայանը, ենթադրաբար նրանց անունից, մի սոսկալի աղերսագիր է ուղարկել «ռուսաց թագավորին»՝ առաջարկելով շուտափույթ վերականգնել «Ռուսաստանի սահմանները»:
Զորի Բալայանը, պարզվում է, ինչ որ բան գիտի Ռուսաստանի պատմության մասին, որը չգիտի գործող ռուսաց թագավորը և նա շտապում է Եկատերինայի, Պետրոսի և Ալեքսանդր Առաջինի այդ արժանի ժառանգորդին հիշեցնել… որ Հայաստանը և Ղարաբաղը… Հայաստան ու Ղարաբաղ չեն: Դրանք Ռուսաստան են: Հընթացս, անշուշտ, հիշեցնելով, որ Ռուսաստան է նաև Ադրբեջանը, որն, անշուշտ, Ադրբեջան չէ, այլ Շաքի, Շամախի… և, իհարկե, ողջ ԽՍՀՄ-ը: Պարզվում է, ռուսական այս նոր ցարն ուղղակի խելահեղ հրճվանք է առաջացրել նախկին մտավորական Զորի Բալայանի մեջ, քանի որ նա, ի հեճուկս իր նախորդի և իր հոգեհոր՝ Ելցինի, լավ գիտի իրական Ռուսաստանի սահմանները. «Իսկ Ելցինըՙ ավելի վատթար. ո՛չ Բելովեժյեում, ո՛չ Կրեմլում, ո՛չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991 թվականին բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել:
Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. «Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց»,-Պուտինին հաճոյանում և խրախուսում է Զորի Բալայանը, սրանով պարզապես հրավիրելով գործի վերածել Ռուսաստան-ԽՍՀՄ նույնականության պուտինյան ընկալումը: «…մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներեցեք չափն անցնելու համար, խորհուրդ կտայի Ձեզ մտորել իրոք սուրբ մի հարցի մասին. ամեն դեպքումՙ ինչպե՞ս է այսպես ստացվել: Այն ամենից հետո, ինչ միասին ապրել են ռուս և հայ ժողովուրդները, հանկարծ ընդհանուր սահմաններ չունենք: Անհավատալի է:
Հենց միայն XIX դարի առաջին քառորդում Ձեր և մեր ավելի քան 200 հազար նախնիներ իրենց կյանքն են տվել այն բանի համար, որ միավորվեն, այն բանի համար, որ ամրապնդեն «Հարավային ուղղությունը»»,-գրում է Բալայանը: Նույնիսկ խորհրդային պատմագրությունն այսքան նողկալի սուտ չի գրել, խոսելով ռուսական հարավային գաղութացման «սուրբ ծրագրերի մասին»: Հետն էլ՝ «ներեցեք չափն անցնելու համար…»: Կների, անշուշտ, կների, այս չափի սուտը այն կողմից ներելի սուտ է, այս կողմից է աններելի:
«Այն կողմում» մեծ հաճույքով կներեն Զորի Բալայանի «դիպվածային իրավիճակային սկլերոզը» Պետրոսի կողմից խաբված ղարաբաղցիների ապստամբության հետևանքների, Ղարաբաղի հայաթափության, Եկատերինայի կողմից Ղրիմի հայկական գաղութի ավերման, Գոլիցինի կողմից փակվող հայկական դպրոցների, Էրիվանի նահանգի վերաձևավորումների, Ելիզավետպոլի նահանգի բնակչության կոտորոծաների կազմակերպման և այլն մասին: Հաճույքով կներեն և գուցե նույնիսկ պարգևատրեն:
Շողոքորթության և ինքնաստորացման այս մակարդակին որևէ հետխորհրդային երկրի որևէ կիսամտավորական կհամաձայնի՞: Ճիշտ ու ճիշտ երեսնական-քառասնական թվականներին Ստալինի հանճարեղ ձևակերպումները ցիտող պատմաբանների, չեկիստների… ոճը: Բայց եթե միայն շողոքորթությունը լիներ…
Հավանաբար նույն դիպվածային իրավիճակային սկլերոզի հետևանքով մոռանալով, որ Հայ ժողովրդի պատմության դասագրքերը ցայսօր ուսուցանում են ցարական Ռուսաստանի կողմից մշտապես հրահրված հայ-թաթարական կոտորածների մասին, որ Թուրքիայում հայկական ցեղասպանության ծրագրերին յուղ են լցրել ռուսական հարավային գաղութային ծրագրերը, Զորի Բալայանը «ռուսական ցարին» իմաստաբար խորհուրդ է տալիս նաև չխաբվել թուրքական շահավետ ծրագրերով. «Նույնիսկ հարյուր միլիարդի ապրանքաշրջանառությունը (Ռուսաստան-Թուրքիա) չպետք է բթացնի իմաստության զգացումը, վաղվա օրվա համար անհանգստության զգացումը և այն բանի գիտակցումը, որ կառավարողներն ավելի շատ ունեն իմաստունների կարիքը, քան իմաստուններըՙ կառավարողների»:
Տարօրինակ է, որ այս աղերսագրի հեղինակը «ըմբռնումով լռում էր» մեր հասարակությունը ալեկոծած հայ-թուրքական չարաբաստիկ «պրոտոկոլների» քննարկումների շրջանում, քսան տարի շարունակ չկարողացավ իր իմաստուն խորհուրդները տալ իր մտերմագույն բարեկամներին՝ ՀՀ կառավարիչներին, բայց անիմաստ չի համարում իմաստության իր դատարկված եղջյուրը շուռ տալ սեփական իմաստուններով շրջապատված «ռուսական ցարի» առաջ:
Պարզվում է նաև, որ մոտ քսանհինգ տարի առաջ, «…ղարաբաղյան խառնակ տարիներին, Զորի Բալայանը հաճախ մտածում էր այն մասին, որ Նորին Կայսերական Մեծություն, Պայծառափայլ և Հզորագույն Մեծն Կայսր Տիրակալ և Ամենայն Ռուսիո Ինքնակալ Ալեքսանդր Առաջինը կշրջվեր գերեզմանում, իմանալով, որ ադրբեջանցիները թուրք ռազմածովային մասնագետների օգնությամբ խորհրդային (ռուսական) նավերից ապամոնտաժել են հեռահար հրանոթները, դրանք տեղադրել Շուշիի և Լաչինի, Աղդամի և Խոջալուի կրակակետերում և թիրախային զարկեր էին տեղում հայկական գյուղերի, Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների, «Գյուլիստան-Ռուսաստան ճամբարի Ղարաբաղյան տիրույթի բնասահմանի վրա» (ներկայիս Շահումյանի շրջանը), որտեղ Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրեցին հավերժական ժամանակների համար»:
Ղարաբաղյան խառնակ այն տարիներին հանգուցյալ «Նորին Կայսերական Մեծություն, Պայծառափայլ և Հզորագույն Մեծն Կայսր Տիրակալ և Ամենայն Ռուսիո Ինքնակալ Ալեքսանդր Առաջինի» սրբագույն ոսկորների մտահոգությամբ անքուն գիշերներ լուսացրած Զորի Բալայանին տարօրինակ կերպով չի մտահոգում, թե ինչ կլինեն այդ նույն ոսկորների հետ, երբ առաջիկայում «Նորին ռուսական Մեծություն» Պուտինի կողմից Ադրբեջանին վաճառված սմերչի կրակահերթը սկսվի:
«Ռուսաց թագավորին» իր աղերսագրի անհրաժեշտությունը բացատրելով, Զորի Բալայանն ավելորդ չի համարել ցուցադրել իր ինտելեկտը՝ հիշելով Էրիխ Մարիա Ռեմարկի, Էռնեստ Հեմինգուեյի և այլ դասականների անուններ, հղել Գյոթեին, բայց որպես անվերապահ հեղինակություններ հղել «Ֆորսայթների պատմության» անգլիացի հեղինակ Գոլսուորսիին, ում, պարզվում է, «ամենից խոր է ընկալել», և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի երեխաների դաստիարակ Ֆրանսուազա Մոնտենենին:
Սխալ չի՞ հասկանա «Ռուսաց թագավորը» պարոն Բալայանին: Մի՞թե ռուսական փիլիսոփայական-գրական անդաստանն ամայի է, որ ատելի արևմուտքն է սնում Զորի Բալայանի փաստարկները: Բայց ոչ, Զորի Բալայանի աղերսագրում կան երկու կարևորագույն ռուս հեղինակներ, ովքեր իրենց անառարկելի հեղինակությամբ հավասարակշռում են պարոն Բալայանի «արևմտամետ» ինտելեկտը,- Անատոլի Սոբչակը /այս խայտառակված գործիչը աղերսագրում մտերմորեն Անատոլի Ալեքսանդրովիչ է կոչված/ և, իհարկե, ինքը՝ Պուտինը:
«Ներեցեք անհանգստության համար: Շատ եմ ցանկանում հավատալ, որ Դուք կհասկանաք ինձ»,- չգիտես ինչու իր ապաշնորհ աղերսագիրն այսպես է վերջացնում «Միջերկրական ծովի արծիվը»: Անշուշտ կհասկանա, շատ լավ կհասկանա: Անհանգստացնելու համար էլ ներողության հարկ չկա: Ձեր հայրենիքն առաջարկելով՝ Դուք չեք անհանգստացնում ռուսական ցարին: Բայց վախենամ Դուք արհամարում եք Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս խոսում է ինքնիշխան երկրի մասին, և վիրավորում եք Հայաստանի հայրենանվեր բնակչությունը, ովքեր, ի տարբերություն ապաշնորհ իշխանությունների, կպաշտպանեն իրենց հայրենիքը: Մի փորձեք խլել նրանց նաև ա՛յդ իրավունքը, մյուսները խլել եք Հայաստանի շուրջ քսանամյա հանցագործությունների շուրջ Ձեր հանցավոր լռությամբ:
Երևում է, պարոն Բալայանն ինքը լավ չի յուրացրել Վ. Օ. Կլյուչեվսկու արտահայտությունը, հենց այն, ինչ ինքը խորհուրդ է տալիս հիշել Պուտինին…«Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար»: Հիմա ու՞մ առաջարկենք պատմության դասերը լավ իմանալ, Զորի Բալայանի՞ն, թե՞ Վլադիմիր Պուտինին:
Հրանուշ Խառատյան