Այսօր Ազգային ժողովում քննարկվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրա հետ միասին ներկայացված մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսպիսի հարցադրում է արեց. «Դատական համակարգի վարձատրությունը ստորադասելով գործադիր և օրենսդիր իշխանության վարձատրությանը, արդյոք նպաստո՞ւմ ենք անկախ դատական համակարգի կայացմանը»:
Ըստ նրա` Սահմանադրական դատարանի նախագահի համար ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվում, քան, օրինակ, Վճռաբեկ դատարանի նախագահի: «Այս երեք թևերը համարժեք նշանակություն ունեն, իմ կարծիքով' դատական իշխանությունները ավելի մեծ կարևորություն ունեն: Դատարաններին ավելին պետք է տայինք, չնսեմացնենք գործադիրի և օրենսդիրի համեմատ», - հավելեց պատգամավորը:
Արձագանքելով Ջհանգիրյանին, օրինագծերի փաթեթը խորհրդարանի դատին ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ ու դատարանների նախագահների աշխատավարձերը համադրելի են նախարարների հետ: «Այսինքն, միանշանակ ասել, որ այս համակարգը ավելի ցածր է նախատեսում, նման միտում չի եղել: Ես մեծ ուրախությամբ այդ առաջարկները Ձեզ հետ կքննարկեմ, եթե դրանք ներկայացնեք: Կաշխատենք անել ճշգրտումներ», -հավելեց Գաբրիելյանը: