Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին:
Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 մլն ՀՀ դրամից ցածր իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ: