ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չի կարող հստակ ասել, թե Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ինչ փաստաթուղթ է ստորագրելու Ասոցացման համաձայնագրի փոխարեն, սակայն հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել «ամենալուրջ» մակարդակով:
Իսկ թե դա ի՞նչ է ենթադրում, փոխնախարարը պատասխանեց. «Հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակ»:
Լրագրողների հարցին, թե ըստ տարածված տեղեկությունների՝ ստորագրվելիք փաստաթուղթն ընդամենը հուշագի՞ր է լինելու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, թե կարևորը փաստաթուղթը արտացոլելու է համագործակցության բովանդակությունը, որն իրենք ունեն Եվրամիության հետ որպես գործընկերներ։
«Մեզ համար առաջնայինը բովանդակությունն է, որը մենք կարտահայտենք ձևի մեջ, որևէ փաստաթղթի մեջ: Մենք խոսել ենք մեր գործընկների հետ, և ես վստահ եմ, որ մենք կգտնենք մի ձև»,- ասաց նա և ավելացրեց, թե ձևը և բովանդակությունը «միմյանց հետ փոխկապակցված են»:
«Այն շրջանակը, որի մեջ մենք Եվրամիության հետ, մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել, կարտացոլվի, կարտահայտվի ձևի մեջ: Նոյեմբերին լինելու է գագաթաժողովը, նոյեմբերի 28-ից հետո 29-նն է լինելու, 29-ից հետո 30-նն է լինելու և կյանքը շարունակվելու է և մեր գործընկերությունը շարունակվելու է»,- նշեց նա:
Թե ի՞նչ բովանդակություն են ակնկալում՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ես խոսեցի բազմաթիվ, տարբեր ոլորտների մասին, որոնք այսօր ձևավորում են ՀՀ-ԵՄ գործընկերությունը: Մեր այդ բովանդակության շրջանակում է, որ մենք այսպես թե այնպես կարտացոլենք ներկայիս իրավիճակը և այն նպատակները, որ մենք՝ երկու գործընկերներով, միասին դնում ենք մեր առջև զարգացնելու իրենց հարաբերությունները»:
Փոխնախարարը վստահեցրեց, որ դա վերջին փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Եվրամիության միջև: