Երեկ' հոկտեմբերի 31-ին, Ջրագնդակի հայկական դաշնությունը' նախագահ Կարեն Գյունաշյանի գլխավորությամբ , ինչպես նաև մրցումների գլխավոր քարտուղարը, մասնակից թիմերի մրցավարները, մարզիչները նիստ են հրավիրել, հոկտեմբերի 31-ին Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում անցկացվող ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնության ժամանակ, «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանի և մարզիչ Նարեկ Խալաթյանի կողմից մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա հարձակվելու և նրան վնասվածք հասցնելու դեպքը քննարկելու համար:
Գ. Հովհաննիսյանի և Ն. Խալաթյանի պահվածքի մասին քննարկումից հետո որոշում է կայացվել «Տիտան» թիմին զրկել Ջրագնդակի հայկական դաշնության կողմից կազմակերպվող մրցումներին մասնակցելու իրավունքից:
Ինչպես նաև որոշում է կայացվել նշված անձանց խուլիգանական արարքի մասին տեղյակ պահել աշխատանքի վայր' Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանն և ՀԱՕԿ-ին:
Այսօր' նոյեմբերի 1-ին, Ջրագնդակի հայկական դաշնությունը ևս գումարել է արտահերթ ժողով' դաշնության գործկոմի անդամների մասնակցությամբ, ու նույն հարցը քննարկելուց հետո հաստատել է երեկ կայացած մրցավարական հանձնաժողովի որոշումը' զրկել «Տիտան» թիմին մրցումներին մասնակցելու իրավունքից և Գ. Հովհանիսյանի ու Ն. Խալաթյանի պահվածքի մասին տեղեկցնել աշխատանքի վայր:
Հիշեցնենք որ, հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում անցկացվել էր ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնությունը:
Առաջնության 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել էր միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: