ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կան դերասանի առողջությանը հետևելու և բուժումներն իրականացնելու համար. այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է Հրայր Թովմասյանը։

 

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը չասենք՝ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար։ Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորը իր առողջությունն է»,– ասել է նա։

 

Ըստ նախարարի` ՔԿՀ–ի բժիշկները համապատասխան հանձնարարություններ են ստացել։ «Ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար, որպեսզի ՔԿՀ-ում գտնվելով նրա հետ ոչինչ չպատահի, նրա առողջությունը չվատանա»,-ասել է նախարարն ու մեկնաբանել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նախագահի հանձնարականի մասին հայտարարությունը՝ ավելացնելով, որ մամուլը հերթական անգամ թյուրընկալում ցուցաբերեց։

 

«Ցավոք սրտի, չասեմ, երևի, բանասերի, եթե անգամ բանասերի գիտելիքներով էլ մոտենանք, նախագահի մամլո քարտուղարի հաղորդագրությունից երբեք չէր բխում, որ հանրապետության նախագահը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու, հանրապետության նախագահը հստակ հայտարարել է, այդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս էր որևէ հանձնարարություն տալը»,– ասել է նա։

 

«Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ այս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք։ Այդ մտահոգությունը դրսևորվել է նաև դատաիրավական բարեփոխումների ծրագրով՝ այդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության նախագահի կողմից»,- նշել է նա։

 

Այն հարցին, թե կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան ինչո՞վ է նպատակահարմար, այն դեպքում, երբ 97 տոկոսով կալանքն է խափանման միջոց կիրառվում, նախարարը պատասխանել է. «Խափանման միջոցի կիրառումը և մեր քրեադատավարական պրակտիկան իրեն չեն գոհացնում, քանի որ դրա հետ խնդիր ունենք։

 

Բայց խնդիրը ոչ միայն պրակտիկայի հետ է, այլև մեր օրենսդրական լուծումների։ Մենք ունենք խափանման միջոց՝ կալանք, մնացածը՝ գրավ և այլընտրանքային այլ միջոցներ, և այնպիսի այլընտրանքային խափանման միջոցներ, որ մի դեպքում ասում ես՝ կալանքը ոնց որ թե համաչափ չէ, բայց մյուս դեպքում նայում ես, ասում ես՝ կալանքը շատ մեղմ է»,– ասել է նախարարն ու ավելացրել. «Դրա արանքում գտնվող, պայմանական եմ ասում, խափանման միջոցներ, ինչպիսին է տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, մեր օրենսդրությամբ չունենք և քրեական դատավարության օրենսգրքում այդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափանման միջոց և պրոբացիոն ծառայության ստեղծման հետ կապված մենք փոփոխություն կունենանք»:

 

Նախարարը հայտնել է նաև, որ  քրեական դատավարության օրենսգիրքը արդեն իսկ շրջանառության մեջ է. հույս ունի, որ կարճ ժամանակում այն կընդունվի ԱԺ-ում: