Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.
Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Հինգաշբթի օրը Վիլնյուսում մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները քննարկելու են Եվրամիության հետ նախկին ԽՍՀՄ 6 երկների' Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համագործակցության հեռանկարները: Ֆորումը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը, մասնակցություն են ցուցաբերում 34 երկրներ նախագահների և արտգործնախարարների մակարդակով:
«Գագաթնաժողովի ամենաինտրիգային հարցը մնում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու ազատ առևտրի ընդլայնումը: Չնայած ասոցացման համաձայնագիրը կասեցնելու Կիևի որոշմանը' գագաթնաժողովի կազմակերպիչները դեռևս հույս ունեն, որ ուկրաինական իշխանությունները վերջին պահին կմտափոխվեն:
Վերջին խոսքը մնում է նախագահ Վիկտոր Յանուկովիչին»,-հայտարարաել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը:
***
Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ
Ոսկու շուկայի աշխատակիցներն այս պահին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց:Նրանք բողոքում են, որ տուգանքները կտրուկ բարձրացել են այս տարի: Խնդիրը հարգադրոշմներն են. նույնիսկ թեք դրված հարգադրոշմի համար մեկ զարդի դեպքում տուգանվում են 50 հազար դրամով, իսկ նախկինում այն չի գերազանցել 35 հազարը: Կան աշխատակիցներ, որոնք տուգանվել են 1 մլն դրամից ավելի:
Իրենց խոսքով՝ հարգադրոշմների խնդիրները իրենցից կախված չէ, այլ այն կազմակերպություններից, որոնք զբաղվում են այդ գործով եվ առաջարկում են, որ էկոնոմիկայի նախարարությունը տուգանի ոչ թե իրենց, այլ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարգադրոշմներով:
***
Իտալիայի Սենատը Բեռլուսկոնիին զրկեց պատգամավորական լիազորություններից
Իտալիայի Սենատը նոյեմբերի 27-ի երեկոյան քվեարկել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին. տեղեկացնում է Reuters-ը:
Խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել դատարանի կայացարած որոշմանը' արգելել Բեռլուսկոնիին 2 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել խարդախության մեղադրանքի պատճառով:
***
Ռուս-վրացական պատերազմից 5 տարի անց Թբիլիսին հաշվեհարդար է տեսնում Եվրոպա մտնելով. First Post
Վրաստանի և Ռուսաստանի միջև ծավալված պատերազմից 5 տարի անց Թբիլիսին մարտահրավեր է նետում Մոսկվային' Եվրոպայի հետ կապերի ամրապնդման մասին համաձայնություն ստորագրելով. գրում է The First Post-ը:
Վրաստանի նոր վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին բարձրաձայնել է իր այդ մտադրությունների մասին այն բանից հետո, երբ Ուկրաինան Մոսկվայի ճնշման տակ հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագիր կնքելուց: Վրաստանի տնտեսությունը շատ ավելի փոքր է քան Ուկրաինայինը, սակայն ԵՄ հետ համաձայնագիրը կարևոր է, քանի որ Վրաստանով են անցնում խողովակաշարերը, որոնք կասպիական գազը հասցնում են Եվրոպա:
Ղարիբաշվիլին Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ցավում է ԵՄ հետ ասոցացումը կասեցնելու մասին Ուկրաինայի որոշման համար, սակայն Վրաստանն առավելապես քիչ կախում ունի Ռուսաստանից:
***
Վարուժան Բաբաջանյանը ծաղկեփունջ է նվիրել ադրբեջանցի լրագրողուհուն
Մոսկվայում «Мирное будущее Южного Кавказа: общая история и современность» անվանումով միջոցառումների շարքը երեկ եզրափակվեց Ռուսաստանի Խաղաղության և համագործակցության պալատի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությամբ և հաղթողների պատվին կազմակերպված ճաշկերույթով: Լրագրողների մրցույթում հաղթող ճանաչված Հայաստանը ներկայացնող Վարուժան Բաբաջանյանն ու Վանիկ Էլիզբարյանը արժանացան մրցանակների: Իր ողջույնի խոսքում Վարուժան Բաբաջանյանը ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կոնֆլիկտների արդարացի լուծման կողմնակիցն է:
«Ինձ համար գլխավոր մրցանակը ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման այս հաջողված փորձն է: Հարավային Կովկասի ժողովուրդների համար կարևոր է կայուն խաղաղության հաստատումը և որպես առաջին քայլ ես ծաղիկներ կնվիրեմ Ադրբեջանի ներկայացուցչուհուն»,- հայտարարեց նա և ծափահարությունների ներքո ծաղկեփունջ նվիրեց ադրբեջանական պատվիրակության անդամ Կամիլա Ալիևային:
***
Ինքնասպանություն Երևանում. Փոխտնօրենը գրել է մորը. «լվացվելուց ինձ չհիշե՛ս, մամ ջան»
shamshyan.com-ի փոխանցմամբ' ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նեոեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Նշվաշ շենք մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Անդրանիկ Ազարյանի գլխավորությամբ հայտնաբերել են նշված շենքի թիվ 6 բնակարանում 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով:
ֆոտոկրագրողը հայտնում է, որ ժամանած քննաչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողներ, որոնցից մեկում Ռ. Նահապետյանը գրել է իր մորը. «լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»: Երկտող է գրել նաև քեռուն, ով մասանգիտությամբ որսորդ է: Նամակներն ու հրազանն առգրավված են:
***
Վիլնյուսում տեղի է ունեցել ԵՄ և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը
Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տեխնիկական մասը: Վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, որը վերջին 3 տարիներին երկրի ԵՄ հարցերով բանակցողն էր: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերությունները:
Նախքան տեխնիկական նախաստորագրումը Զալկալիանին լրագրողներին հայտնել է, որ փաստաթղթի նախաստորագրումը «պատմական իրադարձություն է Վրաստանի համար»:
***
ԵՄ-ն նախկինի պես պատրաստակամ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր. Ֆյուլե
Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, եթե Կիևը նման որոշում ընդունի: Այս մասին այսօր հայտարարել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Առաջարկը նախկինի պես մնում է սեղանին: Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, հենց որ Ուկրաինան ցանկանա»,- ասել է Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Վիլնյուսում «Արևելյան գործընկերությանն» ընդառաջ կազմակերպված բիզնես ֆորումում:
***
Նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազները
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով' նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով.
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:
***
Տեղի է ունեցել Մոլդովայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը
Վիլնյուսում տեղի է ունեցել Մոլդովայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը:
Մոլդովական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Նատալյա Գերմանը: Այս մասին հաղորդում է Golos Rossii-ն՝ վկայակոչելով մոլդովական հեռուստաալիքները:
Իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Օկտավիան Կալմիկը ստորագրել է Համաձայնագրի այն հատվածը, որը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը:
Նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, որի ժամանակ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կթողնեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Մոլդովան և ԵՄ-ը ակնկալում են ստորագրել ասոցացման համաձայնագիրը ոչ ուշ, քան 2014թ. աշնանը:
***
Գեներալ Մանվել Գրիգորյանը մտերիմ ընկերների հետ Փարիզում նշել է թոռնիկի ծնունդը
Օրերս ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը թոռնիկ է ունեցել:
Թոռնիկի ծնվելու ժամանակ Մանվել Գրիգորյանը եղել է Ֆրանսիայում, ուր մեկնել է հետվիրահատական բուժման հերթական կուրսը ստանալու նպատակով: Lurer.com-ի տեղեկություններով' բուժման կուրսն ընթանում է նախապես ծրագրվածի համաձայն և Մանվել Գրիգորյանը գտնվում է շատ լավ առողջական վիճակում:
Թոռնիկի ծննդյան առիթը նշելու համար գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ տոնախմբություն է կազմակերպել հենց Ֆրանսիայում: Գեներալի հետ ուրախությունը կիսել են մտերիմ ընկերները: Մեր տեղեկություններով' գեներալն ունեցել է հիանալի տրամադրություն և շատ գոհ է եղել իր առողջական վիճակից: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ միջոցառման ժամանակ սեղաններից բացակայել են ալկոհոլային խմիչքները:
Lurer.com-ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին փոքրիկի ծննդյան առթիվ և ցանկանում նորածնին անհոգ մանկություն:
***
Վիլնյուսում հիասթափություն է տիրում
Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարված Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, թե Հայաստան - Եվրամիություն քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրվելիք առանձին փաստաթղթով:
«Եվրամիության ինստիտուտները ցանկանում են, որ որոշակի պարտավորվածություններ էլ լինեն գործընկեր երկրների կողմից, և ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանի պարտավորվածությունները, ինչքանո՞վ է Հայաստանը լինելու կաշկանդված իր համագործակցությամբ Մաքսային միության և կոնկրետ Ռուսաստանի հետ Բրյուսելում և այլ եվրոպական մայրաքաղաքներում առայժմ չեն հասկանում», - Վիլնյուսից «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Նավասարդյանը, - «Տրամադրությունները Եվրոպայում այնպիսին են, որ այսօր հռչակագրային տիպի փաստաթղթերը ընդամենը մի տեսակ վարկաբեկիչ դերակատարություն կարող են ունենալ ամբողջ նախաձեռնության համար»:
***
Գործընկերները եւ ուսանողները շոկի մեջ են. 31-ամյա Ռոմանը չափից դուրս հավասարակշռված էր ինքնասպան լինելու համար
Նոյեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 4:00-ի սահմանում, ինքնասպանություն գործած «Հայ-հունական» քոլեջի տնօրենի խորհրդական 31-ամյա Ռոման Նահապետյանը հավասարակշռված մարդ է եղել, նորմալ վարք ունեցել, երբեք չի ընկճվել ու ցանկացած իրավիճակից փորձել է ելք գտնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի անձնակազմին և ուսանողներին Ռոման Նահապետյանի ինքնասպանության լուրը զարմացրել է, նրանք ոչ մի վարկած չունեն և չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան ստիպել ինքնասպանություն գործել:
«Պարտաճանաչ, դաստիարակված, կրթված, զարգացած, գեղեցիկ, տարբեր լեզուներ իմացող, դրական, կյանքը ընկալող տղա էր: Շոկի մեջ ենք, ինչ լսել ենք: Ոչ մեկիս մտքով չի անցնում մի բան, որ դա կարող էր լիներ պատճառը: Քոլեջում սիրով, պարկեշտ, հարգանքով թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական անձնակազմի հետ: Ոչ թե հիմա իր հետևից ենք ասում, այլ էդպես ա եղել»,- NEWS.am-ին ասաց քոլեջի փոխտնօրեն Կարինե Մովսիսյանը՝ նշելով, որ Ռոմանն ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր, և իրենք չեն նկատել նաեւ, որ անձնականում ինչ-որ խնդիրներ ունենար:
***
Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը' ամբաստանյալի աթոռին
Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին' մեղադրվելով մաթեմատիկայի ուսուցչի, հավաքարարի, պահակի, գործավարի աշխատավարձերը յուրացնելու մեջ:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 3 ամիս ժամկետով մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելու համար դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 1-ին Հայկ Սիմոնյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագիրը չի լուծել և, բացի այդ, քաջատեղյակ լինելով, որ ուսուցիչն իր պարտականությունները պատշաճ չի կատարում՝ արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով պայմանագրի ժամկետը դարձրել է 6 ամիս, իսկ ուսուցչի անվամբ դուրս գրված ընդհանուր 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ յուրացրել:
***
Սերժ Սարգսյանը Վիլնյուսում մասնակցել է ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
***
Օմբուդսմենի գլխավոր խորհրդականը հորդորել է ոստիկաններին չխոչընդոտել Վարդգես Գասպարիի նստացույցին
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը հրապարակի՝ իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը, այնինչ, Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Այնուհանդերձ, այսօր նրան նաև առձեռն տրամադրվեց արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:
***
Ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը բռնվել է կաշառք ստանալու պահին
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:
***
«Ի՞նչ արժե Սասունցի Դավթի ձիու պոչը»
Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտենք, որ Սասունցի Դավիթը մեր էպոսների հերոսներից ամենահզոր ու աժդահան է, բայց որ այս փաստը կարելի է շահարկել և Դավթի ձիու պոչի հաշվին միլիոններ «պոկել»՝ ուղղակի ծիծաղելի է: Տպավորություն է, թե էկոնոմիկայի նախարարությունը ոսկու շուկայի աշխատակցին շփոթում է այլ շնչավորի հետ, և օրական ուզում է 100 լիտր կաթ ստանա' մոռանալով, որ կաթնատվության ծավալն ապահովելու համար պետք է անհրաժեշտ պայմաններ ապահովել, այլ ոչ թե հյուծել»: