Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հնարավոր չէ կազմակերպել բուժումը, այնտեղ միայն նրա վիճակը կայուն են պահում, բայց բուժում չի ստանում: «Իրեն պետք է մասնագիտացված բուժում, համապատասխան դեղամիջոցներով, բժշկական վերահսկողություն, համապատասխան մթնոլորտ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Իսկ թե ինչու նրան չեն տեղափոխում մեկ այլ հիվանդանոց, փաստաբանը նկատեց, որ պետական մարմիններին կողմից այս գործին ոչ դրական վերաբերմունք կա, փորձ է արվում խեղաթյուրել օբյեկտիվ ճշմարտությունը, որը ձեռնտու չէ ոչ իրենց, ոչ էլ տուժող կողմին: Հիվանդանոց տեղափոխվելու առումով նաեւ օրենքի հետ կապված խնդիր ունեն, քանի որ դատապարտյալին այլ հիվանդանոց են տեղափոխվում, եթե նրա կյանքին սպառնալիք կա, իսկ քանի դեռ նրա կյանքին վտանգ չի սպառնում, դերասանը կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Անդրադառնալով գործի իրավական ընթացքի մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեռ չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ, ստանալուն պես այն կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Դատախազություն հասցեագրված քննիչին բացարկ հայտնելու վերաբերյալ երկրորդ դիմումին եւս դեռ պատասխան չկա, նույն պահանջով առաջին դիմումը մերժել էին: Ինչ վերաբերում է քննիչին կարգապահական տույժի ենթարկելու մասին ոստիկանություն հասցեագրված դիմումին, ապա նրան պատասխանել են, թե քննիչը բանավոր կարգով զեկուցել է գործողությունների մասին, մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը ենթադրում է գրավոր ծանուցում: Շարունակությունը` աղբյուր կայքում: