Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Զեբարին ասաց, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։
Հոշիար Զեբարին կարևորեց հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման և բարգավաճման գործում։
Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության շուրջ։
Նախարարները արծարծեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։
Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Իրաքում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որին հետևեց համատեղ մամլո ասուլիս։