Այսօր` դեկտեմբերի 9-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ունի կառավարման խորհուրդ:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ: Նրանք են' Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան:
«Սա կարևոր իրադարձություն է Քաղաքացիական պայմանագրի ձևավորման և զարգացման իմաստով: Առաջիկայում կհրապարակվի նաև «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջնական կազմը, որից հետո կձևավորվեն քաղաքացիական պայմանագրի մյուս մարմինները, կենտրոնական գրասենյակը, տարածքային մարմինները Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Քաղաքացիական պայմանագրի նպատակները և դրանց հասնելու միջոցները ձևակերպված են պայմանագրի տեքստում: Կառավարման խորհրդի առաջնային խնդիրներից մեկը լինելու է քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի հրավիրումը, որտեղ որոշում կկայացվի քաղաքացիական պայմանագրի կազմակերպաիաիրավական հետագա ձևի մասին և տեղի կունենա պայմանագրի կառավարման մարմինների ընտրություն: Պայմանագիրը կգործի հանրային քաղաքական միավորման ֆորմատով և կփորձի Հայաստանի ապագայի մասին ընդարձակ խոսակցություն սկսել ՀՀ քաղաքացիների, Սփյուռքի հայերի, և Արցախի ժողովրդի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհուրդը կոլեգիալ մարմին է և չի ունենա ղեկավար:
ՀԱԿ խմբակցության պատգամավորին հարց ուղղեցին իր և Հայ Ազգային Կոնգրեսի կապի վերաբերյալ.
«Գիտեք, պետք է հասկանանք, երբ ասում ենք' Ազգային Կոնգրես, ինչ ի նկատի ունենք: Եթե նկատի ունեք «Ազգային կոնգրես» կուսակցությունը, դուք գիտեք' ես այդ կուսակցության անդամ չեմ: Եթե նկատի ունեք «Ազգային կոնգրես» նախընտրական դաշինքը, ցավոք սրտի, ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարել է, որ այդ դաշինքը գոյություն չունի: Եթե նկատի ունենք ՀԱԿ խմբակցությունը, ես դուրս չեմ եկել, խմբակցության անդամ եմ, բայց իմ նշած նախորդ հանգամանքներն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն այդ հարաբերությունների վրա»:
Ինչ վերաբերում է մեր երկրում իշխանափոխությանը, և Սերժ Սարգսյանի հրաժարականին, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք հասնելու են իշխանության փոփոխության: Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու են, այլ հասնելու են նրան, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը Հայաստանում չեն լինելու իշխանություն, ՀՀ-ում իշխանություն լինելու է քաղաքական այն թիմը, ով ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական բոլոր կանոններին համապատասխանող ընտրություններով ստանալու է ՀՀ քաղաքացիների վստահության քվեն:
«Կարող եմ ասել, որ Քաղաքացիական պայմանագրի գործունեության լավագույն արդյունքը լինելու է հենց դա»: