ՄԱԿ-ի' քիմիական զենքի հարցով հանձնաժողովը բացահայտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման 5 դեպք: Այս մասին դեկտեմբերի 12-ին գրել է Reuters-ը' հղում կատարելով ՄԱԿ-ի զեկույցին:
Ընդհանուր առմամբ' Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են 7 դեպք, երբ հակամարտող կողմերը քիմիական զենքի կիրառման հնարավորություն են կասկածել: Նյարդապարալիզացնող զարին գազը, ամենայն հավանականությամբ, կիրառվել է 2013թ. ապրիլին Հալեպ նահանգի Խան ալ Ասալ բնակավայրում և Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքում, ինչպես նաև' օգոստոսին' Դամասկոսի արվարձաններում: Ավելի վաղ փորձագետները խոստովանել են, որ քիմիական զենքն օգտագործվել էր նաև Ղուտայում:
Քիմիական զենքի կիրառման զոհ են դարձել ինչպես Սիրաիյի կառավարական բանակի զինվորները, այնպես էլ խաղաղ բնակիչները. ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Քիմիական զենքից զոհված մարդկանց քանակը չի հաղորդվում: