ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վերահաստատել է, որ Վաշինգտոնն իր աջակցությունը կառաջարկի Իրաքի իշխանություններին՝ «Ալ Քաիդայի» դեմ պայքարում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Փոխնախագահը սատարել է Իրաքի կառավարությանը, որն ամեն կերպ փորձում է դիմակայել երկիրն ապակայունացնող ծայրահեղական խմբավորումների՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվան տակ գործող զինյալների դեմ»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է նաև, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքինի հետ, որի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այն իրաքցիների ճակատագրի համար, ովքեր գտնվում են ահաբեկիչների ձեռքում: Իր հերթին Նուրի ալ-Մալիքին ողջունել է ԱՄՆ-ի պատրաստակամությունն' Իրաքի իշխանություններին օժանդակելու համար:
Հիշեցնենք, որ Իրաքի Էլ-Անբար նահանգում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են ռազմական գործողությունները «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջուբհատ ան-Նուսրա» խմբավորումների դեմ: