Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևորագույն իրադարդությունները.

 

«Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի նախկին նախարարի են ձերբակալել

 

Ռուս ոստիկանները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի 49-ամյա քաղաքացու, ով Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա է: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

«Պաշտոնյան 2010-ին Ադրբեջանում մեղադրվել է խարդախությունների մեջ: 2011-ին պաշտոնյային հաջողվել է կեղծ փաստաթղթերով հասնել Ռուսաստան: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված, որն իրականացվել է Ռուսաստանի ՆԳՆ-ի և Ինտերպոլի համագործակցության շնորհիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցի պաշտոնյան, ում ինքնությունը պարզվել է, արդեն ռուսաստանյան քրեական մեկուսարանում է:

 

***

Ռուսաստանում հայտարարված համաներումը Հրաչյա Հարությունյանի վրա չի տարածվում

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա փետրվարին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ իրենց սպասումներին հակառակ՝ համաներումը Հ․ Հարությունյանի վրա չի տարածվում:

«Ռուսաստանում օրենք է դարձել դատավարությունը հետաձգել անընդհատ, հիմա էլ ասում են, թե իբր քննությունը լիովին չի ավարտվել, դրա համար անընդհատ հետաձգում են»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ Հրաչյա Հարությունյանը ռուսերեն լավ չի հասկանում, հաճախ թարգմանչի խնդիր է ունենում, որն իրեն, բարեբախտաբար, հատկացնում են․ «Երբեմն չի հասկանում, թե փաստաթղթերի մեջ ինչ է գրված՝ դա է խնդիրը, իսկ առողջականն այս պահին նորմալ է՝ սրտի հետ կապված խնդիրներ ունի, բուժումը շարունակվում է»:

Հրաչյա Հարությունյանի աներն ընդգծեց, որ իր փեսայի կողմից մեղքն ընդունելը հաճախ ոչ այնքան ճշգրիտ է մեկնաբանվում․ «Նա մեղքն ընդունել է այնքանով, որ մեքենան իրեն չի ենթարկվել, հոծ գծով է գնացել: Հիմա իրեն բավարար աջակցություն տրվում է, ամեն ինչ էլ անում են՝ սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:

 

***

Ո՞րքան մարդ է լքել Հայաստանը 2013-ին

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն' Հայաստանի օդային ճանապարհով 2012 թվականի համեմատ 2013 թվականին մեկնողների թիվը նվազել է: 2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 830 005 մարդ, 2012-ի 845 700-ի համեմետ, իսկ ժամանել՝ 861 710 մարդ, 2012-ին' 846 115 մարդ:

«Շիրակ» օդանավակայանից մեկնողների թիվն ավելի է, քան ժամանածների թիվը: Նշված օդանավակայանից մեկնել է 36 076, ժամանել՝ 30 458 մարդ: 2012-ին այս օդանավակայանից մեկնել է 38 955, ժամանել 32613 մարդ:

Հրապարակված տվյալները միայն օդային ճանապարհով մեկնածների թվի վերաբերյալ են: Բոլորին է հայտնի, որ ամեն օր Հանրապետության տարբեր ավտոկայաններից ցամաքային ճանապարհով մարդկանցով լի ավտոբուսներ և մեքենաներ են դուրս գալիս ՀՀ տարածքից։

 

***

Հայ «օրենքով գող» է մահացել

MediaMall.am-ը տեղեկացավ, որ Գյումրիում վախճանվել է հայազգի օրենքով գող Ասատուր Պետրոսյանը, մականունը՝ Ասո: Վերջինս ծնվել է 1948 թվականին, օրենքով գող է «թագադրվել» 1972 թվականին: Մահվան պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

 

***

Ձերբակալվել է Վանաձորի ճանապարհին «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում սպանություն կատարողը

Հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին' 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը' կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հունվարի 09-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին վերջինիս պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Արամ Ս.-ն ձերբակալված է:

 

***

Մեկնարկում է երթը ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

Ազատության հրապարակից մեկնարկում է երթ' ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների:

 

***

Արտակարգ դրություն է հայտարարվել Արևմտյան Վիրջինիայում

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգի 5 շրջանում արտակարգ դրություն է հայտարարված՝ գետի մեջ վտանգավոր նյութերի արտահոսքի պատճառով, որտեղից խմելու ջուր է մատակարարվում բնակչությանը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

Շուրջ 100 հազար բնակչի արգելված է աղտոտման վերացման աշխատանքների ժամանակ օգտվել ծորակի ջրից: Ջուրը թույլատրվում է օգտագործել միայն տեխնիկական կարիքների համար:

Քիմիկատների արտահոսքը տեղի է ունեցել Չեռլսթոն քաղաքի Freedom Industries ձեռնարկությունում:

 

***

Վթարի է ենթարկվել ճանաչված ու սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 

***

Closer ամսագիրը կցուցադրի Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Գայենի ինտիմ լուսանկարները

Closer ամսագիրն իր հատուկ համարում կհրապարակի սկանդալային լուսանկարներ, որոնք կհաստատեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժուլի Գայենի ինտիմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Ըստ Closer-ի տվյալների' նախագահն ամանորյա տոներին շքեղ հանդիպումներ է կազմակերպել դերասանուհու համար և գիշերել նրա հետ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել է, որ մտադիր է իրավական գործընթաց սկսել Closer հանդեսի դեմ, որը պնդում է, թե նախագահը կապված է դերասանուհու հետ:

 

***

«Ես ժխտում եմ, որ նա քաղաքական հայացքների զոհ է». Նախարարը՝ Շանթ Հարությունյանի մասին

«Շանթ Հարությունյանն ինձ համար կալանավոր է և ունի առողջական խնդիրներ՝ կապված իր հացադուլի հետ, և հիվանդանոցում ինքը կարող է գտնվել ինտենսիվ հսկողության ներքո»,- այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությանյանի երթի մասնակիցներին և այն լուսաբանող լրագրողներին հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը' հիշեցնելով, որ Շանթ Հարությունյանը երեկ իր հրամանով տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:

Ի դեպ, նախախարը ցույցի մասնակիցներին հանդիպել է պատահաբար, կառավարության շենքից դուրս գալիս:

«Ես իր առողջության պատասխանատուն եմ և ամեն ինչ անելու եմ, որ իր առողջությանը որևէ բան չսպառնա»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Շ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է նրա քաղաքական հայացքների հետ, Հրայր Թովմասյանը նախ հրաժարվել է մեկնաբանել այս տեսակետը' խորհուրդ տալով այս հարցով դիմել նախաքննական մարմիններին, ապա հավելել. «Ես ժխտում եմ, որ նա քաղաքական հայացքների զոհ է»:

Կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի' հարազատների հետ հանդիպման արգելքի մասին հարցին Հրայր Թովմասյանը ևս խորհուրդ է տվել դիմել նախաքննական մարմնին' հայտարարելով, որ ի պաշտոնե ինքն իրավասու չէ այդ հարցի շուրջ մեկնաբանություն անելու:

 

***

ԿԱՀ-ի նախագահ Միշել Ջոտոդիան պաշտոնաթող է եղել

ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահ Միշել Ջոտոդիան հրաժարական է տվել. հայտնում է itarr-tass-ը:

Ջոտոդիան պետության ղեկավար էր դարձել 2013 թվականի մարտի վերջին՝ պետական հեղաշրջման արդյունքում: Ջոտոդիան զինվորական հեղաշրջման ճանապարհով ԿԱՀ-ում իշխանության է եկել անցյալ տարվա մարտին և գլխավորել է «Սելեկա» ապստամբական շարժումը:

2013 թվականի դեկտեմբերի վերջին քրիստոնյա աշխարհազորայինների ջոկատները ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում հարձակում գործեցին մուսուլմանական շրջանների վրա: Երկրում կայունություն հաստատելու համար այդ երկրում հաստատվեցին Ֆրանսիայի և Աֆրիկայի խաղաղապահները:

Միշել Ջոտոդիան առաջին մուսուլման նախագահն էր մի երկրում, որի բնակչությունն առավելապես քրիստոնյա է:

 

***

Կրակոցներ' Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արդեն 30 րոպե է' հակառակորդը կրակոցներ է արձակում.

«Ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակում գյուղի ուղղությամբ...արդեն մոտ 30 րոպե...

Աստված պահապան մեր սահմանապահ ժողովրդին...Խաղաղություն...», - գրված է գյուղի ֆեյսբուքյան էջում:

 

***

Վթարի է ենթարկվել Գրիշա Աղախանյանը

Այսօր Pressident.am-ին հայտնի է դարձել, որ վթարի է ենթարկվել դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը: Մեզ հաջողվեց կապ հաստատել վերջինս հետ և պարզել իրողությունը: Պարզվում է՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին' երեկոյան 19-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան խաչմերուկում:

Միմյանց են բախվել երեք ավտոմեքենա, որոնցից մեկն էլ Գրիշայի «Chevrolet HHR» մակնիշի ավտոմեքենան: Շոումենից հետաքրքրվեցինք ու պարզեցինք նաև, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: «Թու-թու-թու, ամեն ինչ նորմալ է: Կարող եք գրել, որ դրանից հետո ողջ առողջ եմ :)»,- կատակով ավելացրեց, որ նույնիսկ բժշկի չի դիմել: