«Ուկրաինայի երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն այս գիշեր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Կիևում «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկների հետ բախումից հետո, հայտնում է «Սեգոդնյա» թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանին։

 

Լուցենկոյին 3 սմ-անոց կար են դրել և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Բախումների ժամանակ նա մասամբ կորցրել է գիտակցությունը։ Սարգանն ընդգծել է, որ Լուցենկոն խնդրել է «վրեժխնդիր չլինել իր համար»։

 

Լուցենկոն տուժել է Կիևի Հաղթանակի պողոտայում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույց են արել ոստիկանների գործողությունների դեմ։ Նրա կնոջ խոսքով՝ քաղաքական գործիչը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև, սակայն հատուկջոկատայինները սկսել են ծեծի ենթարկել իրեն։

 

Իսկ ակցիայի առիթը եղել է հունվարի 10-ին դատարաններից մեկի շենքի մոտ, որտեղ քննվել է այսպես կոչված՝ «վասիլկովյան ահաբեկիչների» գործը, որոնց դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ 2011-ին Լենինի արձանը պայթեցնելու նախապատրաստման համար։

 

Դատարանի շենքի մոտ հատուկ ջոկատի մարտիկների և ընդդիմության միջև բախուների հետևանքով տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու պատգամավոր՝ Էդուարդ Լեոնովը և Յուրի Բուբլիկը։

 

«Հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել բոլորին, այդ թվում՝ կանանց ու երեխաների։ Հետապնդում էին անցորդներին ու ծեծում նրանց, ովքեր արդեն գետնին էին»,-ասել է Լեոնովը լրագրողներին։

 

Նրա ոտքերին առկա են կապտուկներ, հագուստը պատառոտված է և կեղտոտ , հայտնում է BBC-ն։

 

Ի դեպ, ՆԳՆ կայքում հաղորդվում է, որ դատարանի մոտ տեղ ունեցածի հետևանքով տուժածներ չկան։