Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը հնարավոր է, որ ինքնասպանություն կատարելու փորձ է իրականացրել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նախագահի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հիվանդանոց է տեղափոխվել մեծ չափաբաժնով դեղ ընդունելու համար: Այս մասին Վալերիի հարազատները հայտնել են Le Point ամսագրին, սակայն, միևնույն ժամանակ հերքել են ինքնասպանության փորձի մասին լուրերը:
«Նա պարզապես մի քանի հաբ է ընդունել, միայն այդքանը»,-ասել է Վալերիի հարազատներից մեկը:
Չնայած ինքնասպանության փորձը հերքելուն, հայտնի է դարձել, որ Տրիերվեյլերը դեղ է ընդունել Ֆրանսուա Օլանդի հետ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ սիրային կապի մասին զրույցից հետո՝ ուրբաթ օրը:
Վալերի Տրիերվեյլերը հիվանդանոց է տեղափոխվել հաջորդ առավոտյան: Ըստ շրջանառվող լուրերի' հիվանդանոցում Վալերին ասել է, որ բոլորն ամեն հարցում, նույնիսկ հոսպիտալացվելու համար իրեն են մեղադրում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, սակայն 2007 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ է լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրջ սիրային սկանդալ է հասունացել, երբ Closer պարբերականը հայտնել էր երկրի 59-ամյա առաջնորդի և 41-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին։