«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակությունների դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը:

 

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետեւում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»:

 

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: «Կարծում եմ՝ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ և ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

 

Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: