Ուկրաինական ժողովուրդը ցուցաբերեց զարմանալի տոկունություն եւ քաջություն, դիմադրություն ցույց տվեց մոսկվա-դոնեցկյան քաղաքական-կրիմինալ խմբավորման ճնշմանը, ինչը հանգեցրեց ուկրաինական խնդրի ինտերնացիոնալացմանը՝ որպես Եվրոպայի առանցքային խնդիր:
Չնայած ռուսական կեղտոտ քարոզչությանը, որն ուկրաինական ազգի հասցեին զրպարտություն ու անթաքույց կեղծիք է տարածում, նրան մեղադրելով անգամ ռասիզմի վերածնման մեջ, միջազգային հանրությունը շատ լավ է հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում:

 

Մերժվել են «օրանժիզմի» մեթոդներն ու գաղափարախոսությունը, ուկրաինական ժողովուրդը սկսել է երկարատեւ ազգային-ազատագրական պայքար հանուն անկախության եւ ընդդեմ Ռուսաստանի գաղութային քաղաքականության: Ռուս մեկնաբանների՝ Դմիտրի Կիսելյովի, Միխայիլ Լեոնտեւի, Սերգեյ Դորենկոյի եւ մյուսների կողմից ուկրաինացիների հասցեին վիրավորանքների ողջ ընթացքում, Ուկրաինայում ոչ մի անգամ ռուս ժողովրդի ու ռուսների հասցեին վիրավորանք չհնչեց, ոչ մի ակցիա տեղի չունեցավ ռուսների դեմ: Դա անհնար է չտեսնել:

 

Ըստ էության, հենց իր պահվածքով Մայդանը Արեւմուտքին ստիպեց մտնել խաղի մեջ եւ միջամտել այդ իրադարձություններին: Պետք է նկատել, որ Արեւմուտքում ուժի տարբեր կենտրոններ վարում են սեփական խաղը, որոնք ինչ որ չափով տարբերվում են նպատակներով ու խնդիրներով, սակայն բոլոր այս խաղերն ուղղված են Ռուսաստանի վրա ուժեղ ճնշում գործադրելուն եւ Ուկրաինայում նրա միջամտությունը չեզոքացնելուն:
Պուտինի այցը Բրյուսել, չնայած այն լիովին հաջողված ցույց տալու ուղղությամբ ռուսական քարոզչության ջանքերին, դարձավ Պուտինի եւ Ռուսաստանի խայտառակությունը: Նրան ասվել է այն ամենը, ինչը սպասվում էր եւ ինչը չէր սպասվում: Պուտինին ամուր պահածոյացրել են իր հիմարության եւ ինքնահավանության մեջ:
Եվրոպացիները Մոսկվային թույլ են տվել առավելագույնս խրվել Ուկրաինայի մասով իր ծրագրերի ճահճի մեջ, բացել բոլոր խաղաքարտերը եւ ցուցադրել սեփական անգործունակությունը ազգային-ազատագրական պայքարի պայմաններում: Պուտինին ստիպել են անհեթեթ ձեւով հայտարարել, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանը կշարունակի պարտավորված վարկավորումը եւ գազի մատակարարումը ներկայիս գներով:

 

Կլինի, թե չի լինի, դեռ կտեսնենք, սակայն այդ կապիտուլյատիվ առաջարկն արվել է: Ահա այդպես են սեփական երկիրը հասցնում նման վիճակի, այն պատճառով, ինչը ռուսական ԱԳՆ միջանցքներում կոչվում է «ռացիոնալ հավակնություններ»: Ընդհանրապես, դա այլ կերպ է կոչվում՝ «Սերգեյ Լավրով գնա, ցտեսություն»:
Գերմանիան զբաղեցրել է բավական «անսպասելի», թեեւ լիովին սպասելի դիրք: Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան այլեւս հիմքեր չունի աջակցել Ռուսաստանին եւ դառնալ նրա հիմարությունների «փաստաբանը»: Եվրոպական ԶԼՄ-ներում արդեն համոզիչ հնչել է, որ Ռուսաստանը կորցրել է աջակցությունը Եվրոպայում, ինչն անշուշտ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության արդյունքն է:

 

Սակայն առավել ինքնատիպ դիրք է գրավել ԱՄՆ-ն: Ամերիկացիները կարծես գերադասեցին հայտարարել, որ քաղաքական պայքարի ուժային մեթոդների կիրառումն անընդունելի է: Սակայն դրա հետեւում ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ ավանդական պարտավորեցնող հարաբերությունները Յանուկովիչի հետ: Այդ հարցում ամերիկացիներին աջակցեցին բրիտանացիները: Սակայն ինչի՞ մասին են այդ պայմանավորվածությունները: Այն մասին, որ Յանուկովիչը երբեք չի անդամակցի պրո-ռուսական քաղաքական ու տնտեսական ինստիտուցիոնալ ասոցիացիաներին, նախեւառաջ՝ ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ Մաքսային միությանը:

 

Ռուսները դա շատ լավ են հասկանում, այդ պատճառով Պետդեպարտամենտի այդ հայտարարությունը Մոսկվայի համար տհաճ էր ու զգուշացնող: Ի դեպ, Վաշինգտոնի հանդեպ Յանուկովիչի տվյալ պարտավորությունը մշակել են հանրապետականները եւ փոխանցել ԱՄՆ ներկայիս ձախ-լիբերալ վարչակազմին:
Ներկայում Ուկրաինայի հարցում ԱՄՆ գլխավոր խնդիրը ամենեւին էլ Յանուկովիչը չէ, որի օրերը հաշվված են: Ներկայում Կիեւում պետք է լեգիտիմ ձեւով իշխանության բերել քաղաքակիրթ քաղաքական գործչի՝ Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը պահելու, ինչպես նաեւ Ղրիմի վերահսկողությունը պահպանելու համար:

 

ԱՄՆ Ուկրաինայի հարցում չէր կարող ծավալել այն քաղաքականությունը, որը հնարավոր էր, քանի որ Յանուկովիչը համարժեք գործընկեր չէր, այլ՝ «պայմանավորված գործընկեր»: Նոր իշխանությունն Ուկրաինայում կարող է հույս պահել ԱՄՆ, Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ լիովին այլ հարաբերությունների հետ: Ըստ էության, Ռուսաստանն ամեն ինչ արեց իր շահերի տակ փոս փորելու համար, եւ դա կդառնա Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ռուսական քաղաքականության աղետի սկիզբը:

 

Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ուժի տարբեր կենտրոնների միջեւ, նախեւառաջ Եվրոպայում, բավական լուրջ հակասություններ են առաջացել, եւ հենց Ուկրաինայի հարցում: Անշուշտ, Գերմանիան Արեւելյան Եվրոպայում մտադիր է ձեռնամուխ լինել նոր քաղաքականության, եւ Ռուսաստանը կարող է փորձել վա-բանկ գնալ ու պայմանավորվել Գերմանիայի հետ: Ինչի՞ կհանգեցնի այդ քաղաքականությունը: Բեռլինը Մոսկվայի վերջին հույսն է, սակայն այն դեռ չի շողում Ռուսաստանի համար:

 

Կիեւ, հունվար 2014 թ. 

 

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ