Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը խիստ մտահոգիչ է, քանի որ այն խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ հակամարտող կողմերը կկարողանան առաջ շարժվել դեպի խաղաղ կարգավորում: Մոտ ժամանակներս ես համանախագահների հետ կրկին կայցելեմ տարածաշրջան, և մենք հույս ունենք շարունակել երկխոսությունը նախագահների հետ, որը կնպաստի ամենաբարձր մակարդակով հանդիպմանը»,- հայտարարել է ԱՄՆ համանախագահը:

 

Նա ընդգծել է, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումներից հետո շփման գծում լարվածությունը զգալիորեն թուլացել էր, կրճատվել էր միջադեպերի թիվը: Ուորլիքը վստահություն է հայտնել, որ կողմերի վրա գործադրվող ճնշումն էական չէ, կարևորը նրանց քաղաքական կամքն է հակամարտության կարգավորման հարցում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԼՂ ժողովուրդները կոչ կանեն իրենց կառավարություններին հրաժարվել բռնությունից: