Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի գնի հետ կապված խնդիրները: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Հանձնաժողովը հիմնականում ուսումնասիրելու է երկու հիմնական խնդիրներ: Առաջինը գազի դիմաց 300 միլիոն դոլար պարտքն է, որը գոյացել էր 2011թ. սկսած, ինչպե՞ս է գոյացել այդ պարտքը, որո՞նք են պատճառները: Եվ երկրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, այն է՝ մեծածախ և փոքրածախ գների կազմը, կառուցվածքը, դրանց ազդեցությունները, թե ինչպե՞ս է առաջացել այդքան մեծ տարբերությունը գազի երկու գների միջև»,- նշեց նա:

 

Մանուկյանի խոսքով՝ հարցերն ավելի շատ են, սակայն վերը նշված հարցերն են, որ շոշափում են հասարակության շահերը, քանի որ Հայաստանի բնակչության շուրջ 90 տոկոսը օգտվում է գազից: «Մենք ցանկանում ենք ընդամենը բացահայտել այս խնդրի շուրջ ստեղծված հարցերը, որը տարիներ շարունակ չենք կարողացել բացահայտել: Ստեղծվելիք հանձնաժողովը կուսումնասիրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պարզաբանումներ կմտցնի և որոշ ժամանակ անց զեկույց կներկայացնի Ազգային ժողովին»,- նշեց նա:

 

Արամ Մանուկյանն առաջարկեց բոլոր խմբակցություններին ներկայացուցիչներ ունենալ այդ հանձնաժողովում, որպեսզի հնարավոր լինի համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել անհրաժեշտ պարզաբանումները և երեք ամիս անց զեկույց ներկայացնել Ազգային ժողովին:

 

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին կողմ քվեարկեց դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված հայ-ռուսական համաձյանագրերի վավերացմանը: Վավերացման էին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը: