Հայաստանի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքը գտնվում է Երևանում. այս մասին տեղեկացանք ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

 

Ընտանիքի գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում՝ անվտանգության և մի շարք այլ նկատառումներով։ Նրանք արդեն դիմել են Հայաստանի պետական միգրացիոն ծառայությանը, և ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, դիմումում ներկայացված տվյալներն այժմ ուսումնասիրվում են։

 

«Իրենք ուզում են պաշտպանվել Հայաստանի Հանրապետությունում այն հալածանքներից, որին, իրենց պնդմամբ, ենթարկվել են Ադրբեջանում։ Դիմումում դա է, ապաստան տրամադրելը նշանակում է հենց դա»,- ասաց Եգանյանը։

 

Ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի՝ Վրաստանի տարածքով Հայաստանի սահմանը հատելու մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին. Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտոնապես հրապարակելով ընտանիքի անդամների անունները, տեղեկացրեց, որ ընտանիքի հայրը՝ Բաքվի բնակիչ 38-ամյա Ջավիդ Օրուջևն է հունվարի 29-ին դիմել հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ: Որպես իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու հիմնավորում նա վկայակոչել է ադրբեջանական իշխանությունների կողմից հալածանքների ենթարկվելու հանգամանքը։

 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 29-ամյա Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Ասել է, որ չդիմանալով անմարդկային կեղեքումներին, պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ է հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Հետո, գիտակցելով իր և ընտանիքին սպառնացող վտանգը, նախ փախել է Եվրոպա և փորձել այնտեղ բնակվել, այնուհետև արտաքսվել է Բաքու, որտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումներն ուժեղացել են։ Հայտնվելով անելանելի վիճակում' որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանից։ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ այս բոլոր պնդումները հիմա քննարկվում են նույն ընթացակարգով, ինչպես դա արվում է այլ երկրներից եկած և ապաստան հայցողների դեպքում:

 

«Մեր քննարկման հիմնական նպատակն է՝ պարզել, թե դիմումում բերված փաստարկները որքանով են համապատասխանում իրականությանը, արդյոք իրականում առկա է հալածանքների երկյուղ, վտանգ»,- ասաց նա։

 

Հարցին՝ «եթե Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչպե՞ս պետք է այդ ամենը ճշտվի», Միգրացիոն պետական ծառայության պետը պատասխանեց. - «Մենք մեր հիմնական մատակարար երկրներից շատերի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Դա խնդիր չէ, դրա համար կան համապատասխան տեղեկատվական աղբյուրներ, որոնք հասու են մեր աշխատակիցներին, մեզ այդ հարցում օժանդակում է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը»։

 

Եթե պարզվի, որ Օրուջևի պնդումները համապատասխանում են իրականությանը, ընտանիքին, ըստ Գագիկ Եգանյանի, «անշուշտ Հայաստանում ապաստան կտրվի, դա միգրացիոն ծառայության գործառույթն է», ինչպես անցած 12-13 տարիների ընթացքում ապաստան է տրվել տարբեր երկրներից դիմած մոտ 2800 մարդու։ Բայց դա կապ չունի նրանց' հետագայում Հայաստանի քաղաքացիություն շնորհելու հետ։

 

Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են համառորեն հերքել ճնշումների մասին Ջավիդ Օրուջևի պնդումները։ «Day.az»-ը հարցազրույց է վերցրել Օրուջևի մոր՝ Միրվարի Օրուջևայի հետ, ով հաստատելով, որ հարսը հայկական արմատներ ունի, միաժամանակ հայտարարել է, որ որդու ընտանիքին Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդել։ Պարզապես, մոր պնդմամբ, նա նախկինում մեկ ձախողված փորձից հետո ուզում է ի վերջո ընտանիքի հետ հաստատվել Եվրոպայում, իսկ Հայաստանի միջոցով դրան հասնելն ավելի հեշտ կլինի։

 

Ադրբեջանցի փորձագետ, «Բաքու փոստ» թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն Բաքվից «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «արտառոց» որակեց այս ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը, նշելով, որ Ադրբեջանում խիստ տարբեր մեկնաբանություններ են հնչում այս առիթով:

 

«Իրենք ասում են, որ հետապնդվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ուրիշներն էլ ասում են, որ երբ նրանք նախկինում Եվրոպայում ապաստան են հայցել, հայկական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել են և այժմ՝ անհրաժեշտ պահին, Օրուջևն անում է այն, ինչն անհրաժեշտ է Հայաստանի հատուկ ծառայություններին։ Մի խոսքով, անհասկանալի իրավիճակ է. հիմա թե իրո՞ք ընտանիքն այդքան բարդ և ծանր դրության մեջ է հայտնվել, թե՞ դա հայկական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքն է՝ դժվար է հասկանալ»,- ասաց Գուլուզադեն։

 

Հարցին, թե քանի նման խառը ընտանիքներ կան Ադրբեջանում, և արդյոք նրանց նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում, փորձագետը պատասխանեց, որ հստակ թիվ ասելը բարդ է, քանի որ թվերը խիստ հակասական են՝ խոսում են Ադրբեջանում բնակվող 3 հազարից մինչև 30 հազար հայերի մասին:

 

«Մեծ մասը կանայք են, նրանք ամուսնացել են, փոխել են ազգանունները, փաստաթղթերով ու արտաքին նշաններով հայերին ադրբեջանցիներից տարբերելը բավական բարդ է: Այսինքն՝ փաստաթղթերով նրանք ադրբեջանական ազգանուններով են, հիմա վախենում են, թե չեն վախենում... համենայնդեպս ոչ ոք դուրս չի գալիս փողոց ու գոռում՝ ես հայ եմ։ Բայց կենցաղային բռնությունների, հարձակումների մասին չեմ լսել»,- ասաց «Բաքու փոստ» թերթի խմբագիրը։

 

Հայկական կողմի համար արժանահավատ չեն ադրբեջանական հրապարակումները Ջավիդ Օրուջևի ընտանիքի՝ Հայաստանից ապաստան խնդրելու դրդապատճառների մասին։

 

«Մի ամբողջ ադրբեջանական ընտանիք, այն էլ երրորդ պետության սահմանով նպատակադրված եկել հասել են Հայաստան և այստեղ հանձնվել են։ Դա արտառոց դեպք է. կարծում եմ՝ ադրբեջանցիներն էլ հիմա մոլորության մեջ են, բնականաբար ինչ-որ արդարացման ուղիներ պետք է գտնեն և լրատվամիջոցներում նմանատիպ ինչ-որ հոդվածներ լինեն։ Ես լուրջ չեմ վերաբերվում, քանի որ բոլորս էլ գիտենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարությանն առնթեր Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։