Հալեպի արևելյան շրջանները, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ, ենթարկվում են ռմբակոծության: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Միսր, Մրջե, Ջազմաթի, Մասրանիա, թաղամասերում փակվել են գրեթե բոլոր առևտրի կենտրոնները, իսկ բնակիչները հեռացել են իրենց բնակավայրերից: Աղբյուրի տեղեկ ացմամբ' Հալեպի Մասաքին Հանանու թաղամասում տասը մարդ է զոհվել, այդ թվում' 5 երեխա: Ռումբերից մեկն ընկել է Օսման բն Աֆան մզկիթի վրա:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 3-ին ավելի քան 90 մարդ է զոհվել:

 

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ' Սիրիայի ընդդիմադիր ուժերը հաջողություններ են գրանցել Կունեյտրա շրջանում և փակել Դարաա-Կունեյտրա ճանապարհը:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' Դամասկոսի բնակելի Մաարա թաղամասում փետրվարի 4-ին հրասանդ է ընկնել, ինչի հետևանքով երկու քաղաքացի է վիրավորվել: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրասանդն ընկել է Մալիք Ֆեյսալ փողոցի բնակելի տան վրա, և ընտանիքի 2 անդամները վիրավորվել են, իսկ բնակարանը նյութական մեծ վնասներ է կրել:

 

Սիրիական բանակը Դեր Զորում զինյալներին պատկանող զենքերով լի 5 մեքենա է ոչնչացրել: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումներ են տեղի ունեցել Հոմսի շրջանում, մասնավորապես, Կարաբիդ, Խալիդիա, Ղասաբիա գյուղերում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել:

 

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: