Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններում՝ MediaTek-ում և Rocketchip-ում շուրջ 3 տասնյակ հայազգի բարձրակարգ մասնագետ է աշխատում: Այդ մասին փետրվարի 11-ին հրավիրած ասուլիսին տեղեկացրեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը: «Ես MTK-ի օֆիս եմ գնացել անցյալ տարի: Այնտեղ 18 հայ է աշխատում, որից 9-ը Հայաստանից է գնացել: Rockchip-ում նույնպես 10-ից ավելի հայ է աշխատում »,- ասաց Շաքարյանը՝ հավելելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտի մեր աշխատողները պետք է ստանան ոչ թե լավ աշխատավարձ, այլ շատ լավ աշխատավարձ, որպեսզի նրանց հնարավոր լինի պահել երկրում: Շաքարյանի խոսքով՝ հասել է ժամանակը, որ բոլորն իմանան տաղանդավոր հայ երիտասարդների մասին: «Մենք ունենք չտեսնված լավ երիտասարդներ, ունենք գրագետ, կիրթ ինժեներներ այս երկրում: Մենք իրոք ի վիճակի ենք միջազգային շուկային համապատասխան աշխատանքներ անելու»;,- նշեց Շաքարյանը:

 

MediaTek (MTK) ընկերությունը միկրոէլեկտրոնային չիպերի խոշորագույն նախագծողն է: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 3.4 միլիարդ դոլար: Չինական Rockchip ընկերությունն ամբողջ աշխարհին հայտնի է որպես հեռախոսների, պլանշետների և այլ նմանատիպ սարքերի պրոցեսորների արտադրող:

 

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ և շուրջ 11 հազար մասնագետներ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն դոլար: 2008-2012 թթ. ըն թացքում ՏՏ ոլորտում գրանցվել է 22.8 տոկոս միջին տարեկան աճ: ՏՏ ոլորտի հայ մասնագետները մեծ հաջողությունների են հասել համաշխարհային խոշորագույն ընկերություններում: